Նիկոլայ Բորդյուժա. Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ օգնությանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ օգնության խնդրանքով։

«Ոչ մի խնդրանք չի եղել», - ընդգծել է Բորդյուժան՝ հավելելով, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ Հայաստանը հասկացրել է, որ «մեծ հաշվով, իր ունեցած ներուժի մեծ մասը գործի չի դրել», այդ պատճառով էլ որևէ խնդրանք չի եղել։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք փաստը, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքին համապատասխան Հայաստանի մաս չի կազմում, նշանակում է, որ ՀԱՊԿ ուժերը կարող են Հայաստանին պաշտպանության հասնել միայն նրա՝ միջազգային ճանաչված սահմանների վրա հարձակման ժամանակ, Բորդյուժան պատասխանել է. - «Այո, ճիշտ եք հասկացել»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման առումով։

«Եթե տեղի ունենա ռեցիդիվ, կգա մի փուլ, երբ մենք կտեսնենք ակտիվ և անմիջական հակամարտություն, ինչը «կպայթեցնի» ողջ Կովկասը: Այդ ժամանակ այդ հակամարտության մեջ կներգրավվեն շատ այլ պետություններ, ինչն էլ կանդրադառնա Կովկասի շատ ժողովուրդների վրա», - ասել է Բորդյուժան՝ կարևորելով խաղաղության ապահովումը. - «Հակառակ պարագայում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես դա չէի ցանկանա»։