Ստամբուլում ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերին

Թուրքիա - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը Ստամբուլի Թյունել հրապարակում, 24-ը ապրիլի, 2016թ․

Թյունել հրապարակում հավաքվածները Անկարային կոչ արեցին ճանաչել մեծ ոճիրը, առերեսվել ցեղասպանությանը և հայերից ներողություն խնդրել:

Ապրիլի 24-ի երեկոյան Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի մոտակա Թյունել հրապարակում խորհրդանշական 19:15-ին հարյուրավոր մարդիկ հավաքվել էին՝ հիշելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին:

Ցեղասպանության հիշատակման հարթակի գլխավորությամբ և մի շարք հասարակական կազմակերպությունների աջակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ մեկ առ մեկ ընթերցվեցին շուրջ 200 հայ մտավորականների անունները, որոնք 101 տարի առաջ ձերբակալվեցին և ուղարկվեցին դեպի մահ:

Հիշատակման արարողությանը ներկա էին «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, եղբայրը՝ Խոսրով Դինքը, հինգ տարի առաջ ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ թուրքական բանակում սպանված Սևակ Բալըքչիի ծնողները, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, բազմաթիվ մտավորականներ, արտասահմանցի հյուրեր:

Հավաքվածները հերթական անգամ թուրքական իշխանություններին կոչ արեցին ճանաչել այդ մեծ ոճիրը, առերեսվել ցեղասպանությանը և հայերից ներողություն խնդրել:

Միջոցառման անվտանգությունը ապահովելու համար թուրքական ոստիկանությունը միայն մանրակրկիտ ստուգումներից հետո էր թույլ տալիս մասնակիցներին մտնել հրապարակի տարածք:

Ավելի վաղ՝ կիրակի առավոտյան Պոլսո Հայոց պատրիարքարանի Մայր եկեղեցում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ մատուցվեց պատարագ, որի ընթացքում հիշատակվեցին Առաջին աշխարհամարտի տարիներին զոհված հայերը, ընթերցվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը:

Ոգեկոչման արարողությանը ներկա էին թուրքական խորհրդարանի հայազգի երեք պատգամավորները՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից Սելինա Դողանը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից՝ Գարո Փայլանը, ինչպես նաև մի շարք համայնքային առաջնորդներ, պաշտոնյաներ: