Ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ այդ երկրի զինվորականները բազմաթիվ հանցագործություններ կատարեցին՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին:
Այդուհանդերձ, ընդգծել է Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը ոչ միայն դիմակայեց, այլև արժանի հակահարված հասցրեց հակառակորդին, սակայն Ադրբեջանը շարունակում է սադրանքներ հրահրել, և իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Նախագահը իր տեսակետներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ստեղծված իրավիճակի պատճառների ու դրդապատճառների, ինչպես նաև այդ իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ:
Դեզիրը հանդիպման սկզբում նախ Հայաստանի նախագահին է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և վերահաստատել բարեկամ Ֆրանսիայի, որը միաժամանակ հանդիսանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր, դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Նա ընդգծել է՝ իր երկրում համոզված են, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և շահագրգռված են ի նպաստ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու հարցում:
Կողմերը համակարծիք են եղել, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է նախ հրադադարի ռեժիմի խախտման վերահսկողության մեխանիզմների շուտափույթ ներդրում և վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկում, որպեսզի կանխվեն ագրեսիվ միջամտությունները, և հնարավոր լինի բանակցային սեղանի շուրջ գտնել փոխընդունելի մոտեցումներ հարցի կարգավորման համար:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի մասնակցությունը իր գլխավորած պատվիրակության կազմում, ըստ Դեզիրի, ևս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիան ջանք չի խնայում նպաստելու հիմնախնդրի խաղաղ և շուտափույթ կարգավորմանը: