Պատգամավորները ապրիլյան քառօրյա պատերազմի քննարկում են պահանջում. Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց` առաջարկությունները կքննարկեն, իրենց դիրքորոշման մասին կտեղեկացնեն:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, խորհրդարան պետք է հրավիրել պաշտպանության նախարարին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին` քննարկելու համար պաշտպանությանը հատկացվող գումարների արդյունավետության հարցը. - «Մեր զինվորը իրիկունը 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերային սարք: Մենք զոհ ենք տվել, որովհետև հասարակ կապը չկա, այն կապը, որ կար 90-ականներին ALINCO ռադիոկայանների միջև: Մենք լուրջ խնդիրներ ունենք Պաշտպանության նախարարության ղեկավարման որակի հետ, երբ շքեղ ավտոմեքենաները` ջիփերը, տասնյակներով դրվում են մարդկանց տակ, և հանկարծ հասարակ ALINCO չկա, որը կար քսանհինգ տարի առաջ, և երեխաները իրար հետ կապվում են բջջային հեռախոսով, որը տեղիք է տալիս լրացուցիչ զոհերի»:
ԱԺ փոխխոսնակը հակադարձեց. - «Նման նուրբ հարցերը այսպես չեն քննարկվում, և ես չեմ կիսում նաև Ձեր որոշ գնահատականներ: Բայց այն, որ պատրաստ ենք քննարկել` խնդիր չկա: Եթե հանդիպելու խնդիր ունեք` չորեքշաբթի օրը պաշտպանության նախարարը գալու է, կարող եք իրեն հարց ուղղել: Կարող ենք նաև` ես իմ աշխատասենյակում հատուկ հանդիպում կազմակերպեմ Ձեր և պաշտպանության նախարարի միջև»:
Ստեփան Մարգարյանը ոչ միայն պաշտպանության նախարարին, այլև վարչապետին հրավիրելու առաջարկ արեց. - «Չի կարող Ազգային ժողովը ձևացնել, թե ոչինչ չի եղել, քննարկելու բան չունենք: Ունենք նաև, ես կարծում եմ, անելիք»:
Խաչատուր Քոքոբելյանը բողոքեց` Նալբանդյան - Լավրով հանդիպման մասին ավելի շատ տեղեկատվություն ռուսական մամուլից է ստացել: Պատճառն արտգործնախարարության աշխատանքը համարեց, պահանջեց խորհրդարան հրավիրել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին. - «Շատ հստակ տեղեկատվություն ներկայացնի բանակցային գործընթացի հետ կապված, որպեսզի մենք ստիպված չլինենք այլ երկրների լրատվություններից կամ պաշտոնական կայքերից տեղեկանալ»:
Շարմազանովը պաշտպանեց` արտգործնախարարը հստակ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը. - «Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել: Հայաստանի Հանրապետությունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և հանրապետության անվտանգության երաշխավորը: Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր: Այսօր Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո ժողովրդավարական անկախ հանրապետություն է: Եվ ամենակարևորը` առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության որևէ մեկը չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և հանրապետության ճակատագիրը»:
Զարուհի Փոստանջյանի կարծիքով, քննարկումներին պետք է մասնակցեն թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները:
«Հիմա նոր իրողություններ են` նախկինում տեղի ունեցած բանակցային գործընթացից մենք դուրս եկած վիճակում ենք: Պետք է նաև քննարկենք, թե ապագա պատերազմը ինչպես ենք կանխելու և ինչպես ենք պատրաստվելու դրան», - ասաց պատգամավորը:
«Մենք օպերատիվ մշտապես կապի մեջ ենք եղել և քննարկել: Եվ եթե իմ անձնական տեսակետն եք ուզում, ես նպատակահարմար չեմ գտնում, որ Արցախի Հանրապետության վարչապետը, Ազգային ժողովի նախագահը գա, կանգնի այստեղ և հաշվետվություն տա: Ուզո՞ւմ եք` գնացեք Արցախ և այնտեղ լսեք, ինչն էլ արել եք», - պատասխանեց ԱԺ փոխխոսնակը:
Զարուհի Փոստանջյանին որոշեց արձագանքել նաև Հերմինե Նաղդալյանը. - «Գոյություն ունի մեկ ձևաչափ` դա Մինսկի խումբն է, և այդ ձևաչափն է, որ մինչ օրս աշխատել է, սրանից հետո էլ պիտի շարունակի այս գործընթացը: Խոսել նոր իրողության մասին` այս մտքերը ջուր են Ադրբեջանի ջրաղացին»:
Փոստանջյանը պատասխանեց. - «Ոչ մեկը Մինսկի խմբի մասով ոչ մի բան չի ասել, և հղում կատարել, որ Մինսկի խումբը հնարավորություն ունի զսպելու Ադրբեջանի կողմից նորից կրկնվող ագրեսիան, դա ուղղակի միամտություն է: Այսօր օրակարգում ընդգրկված են տարածքներ հանձնելու հարցեր և խաղաղապահներ բերելու, այդ տարածքներում տեղակայելու: Եվ սրանք ուղղակի չլսել, չքննարկել` սա ոչ միայն միամտություն է, այլ նաև հանցագործություն է: Ով լռում է և չի միջոցներ ձեռնարկում, հենց նրանք են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնում»:
«Որևէ մեկին հանցագործ համարել մեր երկրում, հատկապես մեր ղեկավարության շրջանակներում` ես չեմ տեսնում որևէ արգումենտ դրա համար: Եվ նաև ուզում եմ ասել, որ որևէ մեկը Հայաստանում այսքան տարիների ընթացքում երբևիցե մտադրություններ չի ունեցել հենց այնպես տարածքներ հանձնել կամ խաղաղապահներ բերել: Դուք կարող եք նկատել, որ ի շնորհիվ մեր ղեկավարության ղարաբաղյան կոնֆլիկտը միակն է աշխարհում, որտեղ խաղաղությունը մինչ օրս պարտադրվում է թշնամուն բացառապես տեղական ուժերի միջոցով», - հակադարձեց Նաղդալյանը։
Լսելով գործընկերներին` ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հնարավորինս սեղմ ժամկետներում փակ նիստ հրավիրելու առաջարկ արեց. - «Հարցեր կան, որ մենք թույլ չենք տա այս պահին բարձրաձայնել լրատվամիջոցների առջև, հաշվի առնելով հարցի զգայնությունը և նրբությունը, բայց բազմաթիվ հարցեր կան, որոնք մենք ցանկանում ենք փակ ռեժիմով քննարկման ժամանակ ուղղել Հայաստանի Հանրապետության վարչապետին, անձամբ պաշտպանության նախարարին և ոչ թե նրա տեղակալներից որևէ մեկին, որոնց բոլորին էլ հարգում ենք, և անձամբ արտաքին գործերի նախարարին և ոչ թե նրա տեղակալներից որևէ մեկին»:
«Մեր բոլոր գործընկերների առաջարկություններն ի գիտություն ընդունեցինք, մենք հասկացանք, որ կա խնդիր, կա առաջարկություն: Մենք կքննարկենք, ձեզ կասենք», - պատասխանեց Շարմազանովը: