Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան, երբ իր կուսակցությունը հաղթի

Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան: Այդ մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

2015 թվականի մայիսից Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Սաակաշվիլին վստահություն է հայտնել, թե Վրաստանի «գլխավոր» ընդդիմությունը՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրն է հանդիսանում, առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթի: Վրաստանի նախկին նախագահը, ով չի կարող այցելել հայրենիք՝ հնարավոր ձերբակալության պատճառով, ընտրություններից հետո մտադիր է Վրաստանում կառավարություն ձևավորել:

«Ես վստահ եմ Միացյալ ազգային շարժման հաղթանակում: Անգամ չեմ կասկածում», - ասել է Սաակաշվիլին:

Վրացական պետության նախկին ղեկավարի համոզմամբ, երկրում գոյություն ունի երկու ուժ՝ մեկը կապված է ներկայումս իշխող «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի, մյուսը՝ իր հետ, երրորդ ուժ տվյալ պահին գոյություն չունի:

«Մեր հաշվարկներով, այս տարվա խորհրդարանական ընտրություններում հաղթում ենք մենք: Հետո ես վերադառնում եմ Վրաստան և աջակցում նոր թիմին», - հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: