Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Հայաստանի ոստիկանության պետի արտահայտած միտքը, համաձայն ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության, որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանությունների ու շահարկումների առիթ տվել:
«Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին: Ի դեպ, բանավոր խոսքում չերևացող չակերտները տեսել և ասվածը հենց որպես փոխաբերություն էլ հասկացել են զրույցին մասնակից բազմաթիվ լրագրողներ, ինչը ակնհայտ է նրանց հրապարակումներից», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ շահարկումներից, մասնավորապես նշելով, որ ոստիկանապետը բաց ու պատրաստակամ է լրատվամիջոցների հետ աշխատանքում և կարևորում է լրագրողների ներդրումը ոստիկանության գործունեությունը լուսաբանելու գործում:
«Ի դեպ, հենց ոստիկանության պետի նախաձեռնությունն է՝ առաջիկայում կազմակերպել հանդիպում լրագրողների հետ և քննարկել բոլոր խնդիրները: Կարծում ենք, որ դա ավելի օգտակար կլինի, քան ամեն կարգի թյուրիմացությունների ու շահարկումների տիրաժավորումը», - նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, երեկ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, թե նրանք, ովքեր չեն նկատում ոստիկանության բարեփոխումները, տեսողության ու լսողության խնդիրներ ունեն։ Գասպարյանը, ոստիկանության սխալները լրատվամիջոցի տպագրական սխալների հետ համեմատելով, պնդել էր, թե ոստիկանության սխալները տեսնում են, իսկ լրատվամիջոցներից շատերինը՝ ոչ։ Լրագրողներից մեկին էլ նա ասել էր. - «Ես քո մեջ կին չեմ տեսնում»։ «Բարեփոխվե՛ք, սիրելինե՛րս, դուք շատ հին եք մնացել: Դուք դեղնում եք, գունաթափվում եք», - ասել էր ոստիկանապետը: