Հատուկ Քննչական ծառայությունը հաղորդում է, որ քաղաքացի Հեղինե Հ.-ն տեղեկություններ է հայտնել Հայաստանի մաքսային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ կաշառք պահանջելու վերաբերյալ:
«Մասնավորապես՝ Հեղինե Հ.-ն նշել է, որ 2016 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցը կաշառք է պահանջել՝ արտերկրից Հայաստան տեղափոխված իր անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարումներ կատարելու և սեղմ ժամկետում իրեն հատկացնելու համար», - ասված է հաղորդագրությունում:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար), որը նախատեսում է ազատազրկում երեքից մինչև յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:
Կատարվում է նախաքննություն: