Սիլվարդ Ատաջյանը մեկդարյա կյանքի պատմությունը մորից մնացած տուփում է պահում

Մեկդարյա կյանքի պատմությունը 104-ամյա Սիլվարդ Ատաջյանը ծովի խխունջներից պատրաստված տուփում է պահում։ Օժիտս է՝ ասում է, մորիցս մնացած միակ հիշատակը։ Տուփում ծնողների, 1915-ին սպանված հորեղբոր ու մորեղբոր ընտանիքի, քույրերի ու եղբայրների նկարներն են։

Յողունոլքցի եմ, մուսալեռցի՝ հպարտությամբ ասում է 104-ամյա տատիկը։ Հայրը, սկեսուրը մասնակցել են Մուսա լեռան պաշտպանությանը: Սկեսրոջ՝ Սիմայի մասին պատմությունները ոչ միայն հիշողություններում, այլև գրքերում ու ձեռագրերում են պահպանվել։ Հայերը մի ելք ունեին կամ կռվել մինչև վերջ կամ ծովը նետվել՝ պատմում է Սիլվարդը․ - «Գիշերը իջնում են՝ խաղող, թուզ՝ կնանիքները սաղ հավաքում են, էլնում են լեռը, տղամարդիկ կռվում են: Էդպես-էդպես ուժերնին վերջանում է: Տերտերը ասում է՝ մեր ուժը որ վերջանա, ձեռը ընկնենք թուրքին, մենք մեզի ծովը կգցենք»:

Փրկության ֆրանսիական նավը ընտանիքին մյուսների հետ Եգիպտոս տարավ։ Որոշ ժամանակ անց հայրը նրանց Հալեպ տեղափոխեց։ Սիլվարդ տատիկը Հայաստան տեղափոխվելուց հետո մի քանի անգամ այցելել է Սիրիա։ Պատերազմի պատճառով քրոջ ու եղբոր ժառանգներից շատերը այժմ ստիպված են լքել Հալեպը․ - «Սուրիայի պատերազմը՝ հայերը սաղ փախան: Ախպորս աղջիկը Հալեպում է՝ ո՞ւր պիտի էրթա»:

Մուսա լեռան ինքնապաշտպանությունը խորհրդանշող հարիսայի տոնակատարությանը մեկ անգամ չէ, որ մասնակցել է։ Ինչպես Սարդարապատում, այնպես էլ հայրենի Յողունոլոքում էին այս սովորությունը պահպանել տարիներ անց։ Դեռ Հալեպում բնակվելու տարիներին ամռանն այցելում էին հայրենի գյուղ․ - «Ամեն տարի սեպտեմբերին կելայինք, կիրակի առավոտ՝ դավուլ, զուռնա, մատաղ, հերիսա կեփեին, քեֆ կանեին»:

Հարիսա հիմա էլ՝ 104 տարեկանում պատրաստում է, բայց սա միակ ճաշատեսակը չէ, որ հեռավոր հայրենիքի մասին է հիշեցնում։

«Հերիսա կանեմ, դոլմա կանեմ, իմամ բայալդի կանեմ: Բորշչ՝ չէ․․․ չենք ուտում մենք բորշչ: Քյուֆթա անում ենք, բուլղուրով, սիսեռով փիլավ», - թվարկում է նա:

Ֆրանսիական բանակի սպայի կինը հայրենիքում դժվար կյանք է ունեցել։ Ընտանիքին հայրենադարձությունից հետո աքսորել են։ Չորս երեխաներին կերակրելու համար Սիլվարդ Ատաջյանը գորգագործությամբ է զբաղվել։

Տատիկին ու ծոռնիկ Մայքին ավելի քան մեկ դար է բաժանում։ Փոքրիկը երեք տարեկան է։ Սիլվարդ Ատաջյանի ցանկությունն այն է, որ տղան խաղաղ երկրում մեծանա։ Ամեն օր ուշադրությամբ սահմանից եկող լուրերին է հետևում։

«Էս պատերազմը ոնց որ մեր Մուսա լեռի պատերազմը եղավ: Մեր հայը դիմադրեց թյուրքին, չընկավ թյուրքի ձեռքը Մուսա լեռը: Էսոնք դիմադրում են, որ հողը չառնե թյուրքը ձեռքերից: Էդ երեխաները, որ մահացան՝ էդոնց անունները, որ ասում են՝ հիվանդացա, ազդում է վրես: Էդոնք ալ մայր ունեն՝ ճի՞շտ է: Ադրբեջանցի մեզանից շատ մահացան, բայց էն ա՝ մայր պահած է: Էսքան մի կտոր երեխա մեծացնում ես, հասցնում ես 20 տարի, ղրկում ես բանակ՝ զոհվում է մի րոպե․․․ չի խաղաղվում», - ասում է տարեց կինը: