70 թոռ ու ծոռ ունի 104-ամյա Անդրանիկ Մաթևոսյանը։ Դեռ մանուկ հասակում թուրքերից ծածուկ են գաղթել Ղարսից։ Սկզբում Բաթումիում, հետո Ռուսաստանում, ապա Երևանի կենտրոնում հաստատվել։
«Պապի, տատի, քեռի․․․ թուրքերը սպանին սաղին էլ: Հերըս վայեննի էր՝ Նիկալայի օրոքվա․․․ վայեննի շորերով գրկել փախցրել են ընձի: Ճանապարհին որ հարցնում էին՝ ի՞նչ ազգ եք, ասում էին՝ քուրդ ենք», - պատմում է նա:
Հիշում է իր աչքով տեսած ու մեծերի պատմած դաժանությունների մասին ու երանի տալիս, որ ժառանգները երբեք չտեսնեն այդ ամենը․ - «Գրկանոց փոքր էրեխա, որ հոգնել էին՝ էլ չեն կարացել փախցնել, քցել են ջուրը, որ ջուրը տանի, որ չմնա չորի երես՝ գել ու գազան մտնի: Դաժան էր, դաժան»:
Թվարկում է Ղարսում թողած ունեցվածքը, որ երեխաներին մի կերպ փրկելու համար ծնողներն իրենց հետ չեն վերցրել ու այդպես էլ որևէ լուր չեն ստացել դրանց մասին։
«Տուն, կով, փող, ոսկի պուլիկներով: Մնաց՝ փախանք, կորան: Շատ բան ենք թողել», - պատմում է 104-ամյա պապին:
Տխուր մանկությունը հիշողությունից չի ջնջվում, մեկ դար առաջ տեսածը հանգիստ չի տալիս, բայց այսօր զավակների ու հարսների ուշադրությամբ շրջապատված ծերունին մի ուրիշ մտահոգություն ունի․ Ժառանգներն են ցաքուցրիվ լինում․ - «Էնա․․․ թոռիս մեկը Նովիսիբիր է, մեկը Մասկվայից էն կողմն ա՝ աղջիկ թոռս: Տղա թոռս՝ մեկը Կրասնադար ա: Ամեն տեղ կան»:
Դժգոհում է, թե իրեն հարգում են, բայց խոսքին հետևող չկա։ Այսօրվա ջահելներն ուրիշ են․ - «Էն վախտ ջահելները լսում էին ծնողին: Հիմա ո՞վ է լսում: Ամեն մեկը ինչ ուզում՝ էն էլ անում ա: Ասում ա՝ հիմա սենց ա, էն վախտ դարն ուրիշ էր, հիմա ուրիշ ձև է»:
Մեկ դարից ավելի կենսագրություն ունեցող Անդրանիկ Մաթևոսյանի տեսողությունը տեղն է, լսողությունը՝ ոչ այնքան ծանրացած։ Տաք եղանակներին անգամ մոտակա այգի է գնում՝ զրուցակիցներ փնտրելու։ Թեև հասակակիցներ չի գտնում, բայց նույն ապրելակերպով ու խնդիրներով մարդիկ շատ են՝ առնվազն 15-20 տարով երիտասարդ։ Տնեցիք ասում են՝ երբեմն նույնիսկ իրենց օգնելու համար շուկա է հասնում՝ մի կապ կանաչի կամ մի կիլոգրամ միրգ տուն բերելու համար։ Բայց առողջությունից դժգոհ է. վերջին տարիներին մի քիչ տկարացել է, ասում է։
«Բալա, ամեն ինչը լավացել ա, կյանքը կարճացել: Առողջություն չկա», - ասում է 104-ամյա պապիկը: