Արվեստի ինստիտուտը հանրության սեփականությունն է դարձնում արևմտահայ մշակույթի հուշարձանները

Թուրքիայում ավերակների վերածված հայկական եկեղեցու որմնանկար, արխիվ

Ինստիտուտի առաջնահերթություններից մեկը նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգության հրատարակման գործն է:

Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ հայաբնակ վայրերում սկսած 1870-ականներից մինչև 1923 թվականը ոչ միայն պետականորեն կազմակերպված հայկական ջարդեր էին տեղի ունենում, որոնք արդեն 1915 թվականին վերաճեցին ցեղասպանության, այլև նպատակադրված ոչնչացվում էին հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան գույքը, ձեռագրերը, դարերի խորքից եկող մատյաններ ու պատմամշակութային այլ արժեքներ:

Ցեղասպանությունից 100 տարի անց բազմաթիվ փաստավավերագրական տվյալներ են հավաքվել այն մասին, թե ինչպես մեկևկես միլիոն հայերի հետ ոչնչացվեցին 20 հազարից ավելի ձեռագիր մատյաններ, հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, այսինքն, հայ ժողովրդի՝ այդ հողի վրա ապրելու, ստեղծագործելու հազարամյակների պատմության վկայությունները, մշակութային արժեքներն ու հուշարձանները, որոնք ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի պատմության վկայություններ են: Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության, հայերի զանգվածային ոչնչացման արդյունքում ոչնչացվեց նաև արևմտահայ մի ողջ մշակույթ, որն իր մեջ ներառում էր ազգային ազատագրական երգն ու պարը, ազգային երաժշտությունը, հայկական կիրառական արվեստը և այլն:

Արևմտահայ պատմամշակութային ժառանգության ուսումնասիրությամբ տասնամյակներ շարունակ զբաղվել են Հայաստանի և Սփյուռքի, նաև արտասահմանյան մի շարք գիտակրթական կենտրոններ, ուսումնական բարձրագույն հաստատություններ:

Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտում էր, որ նախ և առաջ մենք կորցրել ենք մեր հայրենիքը 100 տարի առաջ, մենք կորցրել ենք մեր պատմամշակութային հուշարձանները, մեր եկեղեցիների զգալի մասը և ավանդույթները՝ արևմտահայ մի ողջ հատվածի ավանդույթներ, որ բոլորովին տարբեր էին Արևելահայաստանից:

Արվեստի ինստիտուտից գնում էին գյուղեր, հավաքագրում երգ-երաժշտություն՝ Արևմտյան Հայաստանից մնացած: Այս կապակցությամբ Աննա Ասատրյանը ասաց․ - «Մեր ինստիտուտը հրատարակել է Կոմիտասի սան Միհրան Թումաջյանի «Հայրենի երգ ու բան» ժողովածուի չորս հատորները, բացի այդ, վերջին տարիներին պետական պատվերի շրջանակում հրատարակվել են «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշարի 12 հատորները: Այդ տասնամյակների ընթացքում Արվեստի ինստիտուտը իրականացրել է գիտարշավներ՝ դաշտային աշխատանքներ, այսինքն՝ արշավախմբեր են ուղևորվել Հայաստանի և Ղարաբաղի գյուղեր և նաև սփյուռքահայ գաղթօջախներ և այնտեղից հավաքել են ժողովրդական երգերն ու նվագները, որոնք կենտրոնացել են մեր ձայնադարանում՝ Արվեստի ինստիտուտի, և արդեն մի քանի տարիների ընթացքում սրանք հրատարակվում են և դառնում մեր հանրության սեփականությունը»:

Աննա Ասատրյանը մի շարք գրքերի հեղինակ է, վերջերս լույս է տեսել Տիգրան Չուխաջյանին նվիրված նրա աշխատությունը: Բայց նա հույս ունի, որ ի վերջո պետական աջակցությամբ կկարողանան ամբողջապես հրատարակել հայ առաջին կոմպոզիտորի՝ Տիգրան Չուխաջյանի ստեղծագործությունների լիակատար ժողովածուն:

«Մեր ինստիտուտի առաջնահերթություններից մեկը նաև մեր կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգության հրատարակման գործն է: Մենք իրականացրել ենք Ալեքսանդր Սպենդիարյանի երկերի ժողովածուի հրատարակությունը, այնուհետև 1960-2006 թվականներին հրատարակվեցին Կոմիտասի երկերի ժողովածուի 14 հատորները, և արդեն մենք ընդհուպ մոտեցել ենք, ու արդեն վաղուց հասունացել է դա ու ժամանակի հրամայականն է, որ նաև հրատարակվի Տիգրան Չուխաջյանի ժառանգությունը»,- ասաց Արվեստի ինստիտուտի փոխտնօրենը՝ ընդգծելով, որ այդ ժառանգությունը բավական մեծ է․ - «Վեց օպերաների հեղինակ է, հայ իրականության մեջ առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունները էլի ինքն է գրել, ըստ էության, հայկական դաշնամուրային առաջին գործերի հեղինակն է»:

Աննա Ասատրյանը հայտնեց, որ օրեր առաջ տեղի ունեցած Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովի ժամանակ վարչապետը, ի պատասխան իր առաջարկի, խոստացել է աջակցել Տիգրան Չուխաջյանի՝ արևմտահայ առաջին կոմպոզիտորի ստեղծագործությունների լիակատար ժողովածուի հրատարակությանը: