Թուրքահայ պատգամավորը պահանջում է հետաքննել1915-ին հայազգի պատգամավորների սպանության պատճառները

1915-ին ձերբակալված և սպանված հայազգի 7 պատգամավորների թվում են Գրիգոր Զոհրապը, Պետրոս Հալաչյանը և Նազարեթ Տաղավարյանը

Գրիգոր Զոհրապ, Հովհաննես Վարդգես Սերենգյուլյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան, Պետրոս Հալաչյան: Սրանք օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորներն են, ովքեր 1915-ին ձերբակալվել են, ապա՝ տարբեր ժամանակներում ու վայրերում սպանվել:

Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին առաջարկել է հետաքննություն սկսել և պարզել 1908-1915 թ․թ․ օսմանյան խորհրդարանում ներկայացված՝ հայազգի յոթ պատգամավորների սպանության պատճառները:

Մեջլիսի նախագահությանը ներկայացրած առաջարկում Փայլանն ու նրա գործընկերները խորհրդարանի համար «պատվի խնդիր» են համարել ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած սպանությունների պատասխանատուների բացահայտումը, ինչպես նաև հայ պատգամավորների աճյունների հայտնաբերումն ու հավուր պատշաճի հուղարկավորումը:

Այս մասին Փայլանը նախօրեին հայտարարել է թուրքական խորհրդարանի ամբիոնից: Իր ելույթում Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն անդրադարձել է հեռավոր 1900-ականների իրադարձություններին: Այն ժամանակ Օսմանյան կայսրության բնակչության յուրաքանչյուր 5-րդ մարդը հայ էր, կայսրության հայազգի բնակչությունն իր ներկայացուցիչներն է ունեցել խորհրդարանում, հիշեցրել է Փայլանը: Անդրադառնալով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, նա նշել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել, աքսորվել և սպանվել են հարյուրավոր հայ մտավորականներ, այդ թվում՝ նշված 7 պատգամավորները:

Փայլանը հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության կազմակերպիչ համարվող երիտթուրք պարագլուխներին՝ Թալեաթ, Ջեմալ, Էնվեր փաշաներին՝ նշելով, որ Թուրքիայում այսօր նրանց անունները կրող հարյուրավոր փողոցներ կան, ինչն անընդունելի է: «Տեղի ունեցած կոտորածների հետևանքով բոլորս կորուստներ ունեցանք, մեր ինքնությունը հիվանդացավ և 100 տարի է՝ շարունակում ենք մութ թունելով քայլել: Առերեսվել, նշանակում է՝ ապաքինվել, այսօր բոլորս ապաքինման կարիք ունենք»,- ասել է հայազգի պատգամավորը:

Իր ելույթի վերջում Գարո Փայլանը ներկաներին մեկառմեկ ցուցադրել է 1915 թվականին աքսորված ու սպանված հայ պատգամավորների նկարները՝ հայտարարելով, որ Թուրքիայի խորհրդարանը, իբրև հարգանքի նշան, պարտավոր է հետաքննություն իրականացնել և պարզել նրանց ճակատագրերը: Փայլանն իր ելույթը եզրափակել է հայերենով, ասելով՝ «Աստված իրենց հոգին լուսավորի»: