Սերգեյ Լավրովը ոչ մի անգամ, ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում, այսօրվա բրիֆինգում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լավրովը ինչ-որ հատուկ պլան է տանում Երևան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար:
Հարցում նշվել է, որ ըստ մամուլի հրապարակումների` Լավրովի առաջարկած պլանով հայկական կողմը ազատելու է Ղարաբաղին հարակից հինգ շրջանները և հետո հանրաքվե է անցկացվելու: Զախարովան ասել է, որ ապրիլի 21-22-ին այցելելով Հայաստան` Սերգեյ Լավրովը Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշակի առաջարկություններ կտանի:
«Ասել, որ դա պլան է, ծրագիր, փաստաթուղթ, կարծում եմ ճիշտ չի լինի: Խոսքը կարգավորմանը միտված որոշակի առաջարկությունների, տարբեր գաղափարների քննարկումների մասին է», - ասել է նա:
Զախարովայի խոսքերով` «Ռուսաստանի միջնորդության դերը հենց դա է՝ խոսել բոլոր կողմերի հետ, քննարկել հնարավորությունները, լսել նրանց մտահոգությունները և հանգուցալուծման տարբերակներ առաջարկել»: Նա ասել է, որ հակամարտության կողմերը պետք է վերականգնեն բանակցային գործընթացը` հավելելով, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղարաբաղում խաղաղության հասնելու համար:
«Հիմա պահանջվում է զսպվածություն դրսևորել, աշխատել վերականգնելու կայունությունը: Խորապես համոզված ենք, որ կողմերին անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի կայուն, խաղաղ կարգավորման ձեռքբերմանը», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան:
«Նորից վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ որպես միջազգային միջնորդ կողմերին ցուցաբերելու անհրաժեշտ օժանդակությունը այդ նպատակին հասնելու համար»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը: