Կոտայքի մարզկենտրոն Հրազդանի ընտրական գործընթացն ու արձանագրված արդյունքը Սասուն Միքայելյանի համար անակնկալ չէր։ Նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Միքայելյանը պնդում է՝ իշխանությունների ձեռագրին ծանոթ էր՝ ընտրակաշառքից մինչև ահաբեկում։
«Կիրառվեց այն տեխնոլոգիաները, որ տարիների ընթացքում իրենք կիրառում են», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նա:
Իրավապահ մարմինները Հրազդանի ընտրություններին առնչվող 20-ից ավելի գործերով նյութեր են նախապատրաստում, դրանցից մեկը վերաբերում է ընտրակաշառքի մասին ահազանգին։ Դեռևս կա միայն մեկ հարուցված քրեական գործ` Araratnews.am կայքի խմբագիր Ալեն Սիմոնյանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու հոդվածով։
Չնայած խախտումների վերաբերյալ ահազանգերին, Սասուն Միքայելյանը այնուամենայնիվ պնդում է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողացել է տեղամասի ներսում պաշտպանել իրենց տրված քվեն։
«Բայց դա չի նշանակում, որ դրսում ընտրակեղծիքներ չեն եղել: Այնտեղ եղել են խոշոր գումարի բաժանում` 10-ից մինչև 50 հազար դրամ», - ասում է քաղաքապետի արդեն նախկին թեկնածուն:
Երկու հազար ձայնի տարբերությամբ պարտված Միքայելյանն ասում է՝ հիասթափված չէ, զենքերը վայր չեն դնելու։ Երեկ կուսակցությունում որոշում են կայացրել ստեղծել Հրազդանի քաղաքապետարանի աշխատանքը մշտադիտարկող խումբ։
«Մենք վերահսկելու ենք գործունեությունը, դադար չպիտի ունենա Արամ Դանիելյանը: Մեր քաղաքում ահավոր վիճակ է, դուք բոլորդ ականատես եք եղել: Հետևողական ենք լինելու, որ` մարդը խոստում ա տվել, պիտի անի», - ասում է նա:
«Հակահյուրասիրեցինք` բարձեցին տարան»
Անդրադառնալով ընտրությունների օրվա և դրան հաջորդած միջադեպերին` Միքայելյանը չի հերքում մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե քվեարկության հաջորդ օրը Հրազդանում ծեծկռտուք է եղել քաղաքապետ Արամ Դանիելյանի աջակիցների նախաձեռնությամբ։
«Նրանց կողմնակիցները ցանկություն են ունեցել մեր հայաթում հյուրասիրել մեզ: Մենք, էթիկայի նորմերից ելնելով, որ` հյուրը չի կարա քո հայաթում քեզ հյուրասիրի, հակահյուրասիրեցինք` բարձեցին տարան», - պատմեց Միքայելյանը:
Հրազդանի արդեն 14 տարվա քաղաքապետ Արամ Դանիելյանից ո՛չ ծեծկռտուքի, ո՛չ Միքայելյանի ներկայացրած մյուս մեղադրանքների վերաբերյալ պարզաբանում ստանալ չհաջողվեց: Քաղաքապետը հորդորեց հղում անել արդեն նախկինում իր տված հարցազրույցներին։
Կիրակի օրը Հրազդանում քվեարկությունից հետո հանրապետական քաղաքապետի թեկնածուն հերքեց ընտրակաշառք բաժանելու մասին բոլոր պնդումները, բացատրեց նաև, թե ինչու քաղաքում ոչ բոլոր փողոցներն են ասֆալտապատ` ասաց՝ փողոցների շատ են, համայնքի բյուջեն չի բավարարում: Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե որտեղից 2002 թվից ի վեր անընդմեջ քաղաքապետ ընտրվող Դանիելյանին թանկարժեք մեքենա: - «Իմ անձնական միջոցներով: Ես բիզնես էլ ունեմ` իմ բարեկամների բիզնեսների օգնությամբ», - պատասխանեց Հրազդանի քաղաքապետը: Նրա ուղեկիցներից մեկն էլ մանրամասնեց` հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներ են: