Դավիթ Բաբայան․ ՊԲ-ն կատարում է իր պարտականությունները և զենքի պակաս չունի

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Հակառակորդը փոխել է ռազմավարությունը, և անհրաժեշտ է վերանայել պաշտպանական համակարգի որոշ բաղադրամասեր, ընդգծում է ղարաբաղցի պաշտոնյան:

Պաշտպանության բանակը կատարում է իր վրա դրված պարտականությունները և զենքի պակաս չունի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Միաժամանակ, նա նշեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ զինտեխնիկայի թարմացման և արդիականացման հարցը ևս քննարկվել է:

«Քննարկվել է իրոք շատ լայն շրջանակ տարբեր տիպի խնդիրների, առանձնակի շեշտ է դրվել հենց բանակաշինության գործընթացի [վրա], երկու հայկական պետությունների համագործակցության այս ոլորտում, նաև քննարկվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսին է՝ զինտեխնիկայի թարմացում, արդիականացում և այլն, ժամանակակից զինատեսակների համալրում», - ասաց Բաբայանը՝ հավելելով․ - «Այսինքն, սա բնական այն քննարկումներն էին, որոնք միշտ տեղի են ունենում»:

«Հակառակորդը ինքը փոխել է ռազմավարությունը․ եթե նախկինում շփման գիծը եղել է ուղղակի որպես շփման գիծ և սահման, հիմա, փաստորեն, այս վերջին չորս օրվա պատերազմը ցույց է տվել, որ նրանք կիրառել են նաև ծանր զինատեսակ, փաստորեն՝ սահմանը փորձել են վերածել արդեն ճակատի: Իսկ սա արդեն անհրաժեշտություն է առաջացնում վերանայել նաև պաշտպանական համակարգի որոշ բաղադրամասեր», - նշեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

«Այսինքն՝ ոչ միայն թարմացում, այլ նաև փոփոխություն է պետք զինատեսակների», - այս դիտարկմանը Բաբայանը արձագանքեց․ - «Կարծում եմ, ոչ միայն զինատեսակների, ինչ որ պետք է, անհրաժեշտ է՝ արվում է, վերլուծվում է, որովհետև եթե արդեն նրանք օգտագործում են ծանր հրետանի և ավելի հեռահար զինատեսակներ, բնական է, որ նաև համապատասխան ինժեներական կառույցները պետք է ամրացվեն, համապատասխան փոփոխություններ պետք է մտցվեն նաև մարտավարության և ռազմավարության մեջ»:

«Իհարկե, կանխատեսվել է, որ նման զարգացում տեղի է ունենալու: Ի վերջո, վերջին 20 տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Կարծում եմ, այս ամենը վերլուծվելու է դյուրին ձևով, և համապատասխան քայլերը կատարվելու են», - ընդգծեց Դավիթ Բաբայանը:

«Կարելի՞ է ասել, որ Պաշտպանության բանակն արդեն առաջիկայում կունենա Ձեր նշած պաշտպանական նոր զինատեսակները», - այս հարցին նա արձագանքեց․ - «Ընդհանրապես, զինատեսակների առումով մենք, ես հասկանում եմ, որ շահարկվում է այդ հարցը, բայց բանակը լրիվությամբ կատարում է իր վրա դրած պարտականությունները, այնպես չէ, որ մենք ունենք պակաս զինամթերքների, տարբեր տիպի զինտեխնիկայի և չենք կարողանում իրականացնել մեր աշխատանքը: Այդպես չէ, և չորս օրվա պատերազմը ցույց տվեց, որ բանակը կարողացավ պաշտպանել սահմանները մի հակառակորդից, որը միլիարդավոր դոլարներ է ծախսում արդիական զինտեխնիկա, հարձակողական նույնիսկ զինատեսակներ գնելու»:

Սիսակ Գաբրիելյան, Ստեփանակերտից