Росатом․ Հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման համար առայժմ հիմքեր չկան

Մեծամորի ատոմակայանը

Росатом ընկերության առաջին փոխնախագահի խոսքով, հայկական նոր ատոմակայանի կառուցման համար տնտեսական հիմքեր դեռ չկան, և նոր ԱԷԿ-ի շինարարությունից կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ ի հայտ գան նման հիմքեր:

Այսպիսի հայտարարություն Կիրիլ Կոմարովն արեց այսօր Երևանում կայացած Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Росатом պետական կորպորացիայի համատեղ նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Նոր ատոմակայանի կառուցման շուրջ Հայաստանի կառավարության հետ բանակցությունները երբեք չենք դադարեցվել, մշտապես գտնվում ենք երկխոսության մեջ: Տեխնոլոգիական առումով, այո՛, հնարավոր է Մեծամորի հարթակում ևս մեկ բլոկ կառուցել: Առանցքային հարցն այն է, որ կառուցման համար հարկավոր է ապահովել տնտեսական այնպիսի չափանիշներ, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով ծախսերը հետ բերել: Կարևոր հարց է Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը և հարակից երկրներ արտահանման հնարավորությունը: Միասին աշխատում ենք այս ուղղությամբ, և եթե տեսնենք, որ նման հնարավորությունների պատուհան է բացվել, հաճույքով կյանքի կկոչենք այդ նախագիծը: Տեղյակ եք, որ այս մասին ստորագրված է միջկառավարական համաձայնագիր, այն շարունակում է գործել, չեղարկված չէ, և երբ հասկանանք, որ նոր ԱԷԿ-ի կառուցման համար տնտեսական հիմքեր կան, իհարկե, կփորձենք այդ նախագիծը կյանքի կոչել», - նշեց Կոմարովը։

Հայկական ԱԷԿ-ը այժմ վերանորոգման փուլում է, ինչը թույլ կտա կայանի կյանքը երկարաձգել մինչև 2027թ․-ը: Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են նոր ատոմակայան կառուցել, թեև մինչ օրս հստակեցված չէ, թե որտեղի՞ց են հայթայթելու ֆինանսավորումը:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, օրինակ, անցած սեպտեմբերին նշեց, որ 1060 ՄՎտ-ոց ԱԷԿ-ը կարժենա մոտ 5.5 միլիարդ դոլար:

Գալստյանը նույնպես ներկա էր այսօրվա ճեպազրույցին: Հայտարարվեց՝ ռուսական կողմի հետ քննարկվել է ատոմակայանի վերանորոգման ընթացքը, աշխատանքների ժամանակացույցից շեղում չկա, ավարտվել է կայանի հետազոտման փուլը, առջևում սարքավորումների վերանորոգումն է ու փոխարինումը:

Հայկական ԱԷԿ-ի վերանորոգումը հնարավոր եղավ սկսել անցած տարի Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի միջոցներով:

«Մենք ընդունեցինք մի շարք որոշումներ, հաշվի առնելով հաստատված ժամկետները, աշխատանքների գրաֆիկը, որպեսզի ոչ մի ուշացում թույլ չտանք և բոլոր աշխատանքները կատարվեն բարձր որակով և նախանշված ժամկետներում», - այսօր հայտարարեց Արեգ Գալստյանը։

Հայերեն զուգահեռ թարգմանություն չկար

Ի դեպ, այսօրվա ասուլիսը, որին, ինչպես ասացինք, մասնակցում էր նաև փոխնախարար Արեգ Գալստյանը, ապահովված չէր հայերեն զուգահեռ թարգմանությամբ, և Հայաստանը ներկայացնող պաշտոնյան խոսում էր նաև օտար լեզվով՝ ռուսերենով, առանց հայերեն թարգմանության, մինչդեռ, ըստ «Լեզվի մասին» օրենքի, Հայաստանի պետական մարմինները համագումարներում, ժողովներում ու հանրային միջոցառումների ժամանակ պարտավոր են ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը:

Երբ Գալստյանին հարցրեցինք՝ ինչու չի կատարվում օրենքի պահանջը, արձագանքեց․ - «Երևի թե ճիշտ եք, բայց զուտ այդ ֆորմատով՝ դրանք լրացուցիչ բարդություններ են։ Ես կարծում եմ՝ բոլորն էլ տիրապետում են երկու լեզվին էլ»։