Հայաստանի նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում երկուշաբթի օրը հայտարարել է, որ հայկական կողմը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակեպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունն ու ժամկետները:
«Տվյալ փուլում բանակցային գործընթացի կողմերը և Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունն ու ժամկետները», - ասել է Հակոբյանը:
Նա նշել է, որ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, և ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելը հիմնախնդրի կարգավորման առանցքային սկզբունքներից մեկն է:
«Հայաստանը, ինչպես և Լեռնային Ղարաբաղը մշտապես բարձրաձայնել են, որ պաշտպանում են համանախագահող երկրների տվյալ դիրքորոշումը», -ասել է Հակոբյանը:
Հայաստանի նախագահի խոսնակի տեղեկություններով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոտակա օրերին այցելելու է Հայաստան․ - «Դա լավ առիթ կլինի շարունակելու քննարկումները ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների, Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների, խաղաղ բնակչության նկատմամբ կատարած հանցագործությունների նկատմամբ Ռուսաստանի մոտեցումների շուրջ: Նաև՝ դիտարկելու բանակցային գործընթացի հեռանկարները, որի հիմնական էությունը, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է՝ իրացնելու սեփական ինքնորոշման իրավունքը»:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Սերգեյ Լավրովը ծրագրում է ապրիլի 21-22-ին այցելել Երևան՝ բանակցելու երկրի ղեկավարության հետ: