«Եթե լավ զինտեխնիկա ունենայինք, չէինք վիրավորվի»

Թաթուլ Ծատրյան

Վիրավոր զինծառայողն ընդգծում է` հակառակորդն ունի լավ զենքեր, բայց հայի ոգին` ուրիշ է

Ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված զինվորներն ու կամավորները նշում են` եթե ավելի լավ զինտեխնիկա ունենային, ապա իրենց ընկերներին չէին կորցնի, իրենք էլ չէին վիրավորվի:

19-ամյա զինծառայող Միքայել Սահակյանը պատմում է, որ ապրիլի 3-ին որպես հավելյալ ուժ իրենց ուղարկել էին Ջեբրաիլի դիրքեր: Բեկորային վնասվածքներով Զինվորական կլինիկական հոսպիտալում բուժում ստացող Միքայելը քչախոս է, սակայն նշում է` եթե լավ զինատեսակներ ունենային ոչ միայն կպաշտպանվեին, այլև կհարձակվեին:

«Մեր սահմանները ավելի առաջ կտանեինք, չէինք պաշտպանվի` այս անգամ մենք կհարձակվեինք: Էդ զինատեսակներն են, որոնք մենք քիչ ունենք», - ասում է վիրավոր զինծառայողը:

Հակառակորդի զինտեխնիկայի առավելությունների մասին խոսելիս, սակայն, Միքայելը ընդգծում է` կարևորը հայ զինվորի ոգին է. - «Հակառակորդը ունի ավելի լավ զինատեսակ, բայց հայը ուրիշ ձև է… հայի դուխը` ըսենց ասեմ: Հայի ոգին ամեն ինչ էլ կարող է»:

Զինատեսակների մասին խոսելու ընթացքում մեր զրույցին միանում է կողքի մահճակալին պառկած 22-ամյա Թաթուլ Ծատրյանը՝ ընդգծելով` եթե լավ զենք ունենային, ոչ էլ կվիրավորվեին: Ապրիլի 2-ին Կապանից որպես կամավոր մեկնած երիտասարդը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, վնասվել են թոքերը, ոտքն ու ուսային հատվածը:

«Եթե էսօր լավ զենքեր ունենայինք, կգրավեին տղերքը, ոչ էլ կվիրավորվեինք: Նրանք ավելի շատ կտուժեին, քան մենք», - ասում է Ծատրյանը: «Ազատության» հարցին` կոնկրետ ի՞նչ զինատեսակի կարիք էր զգացվում, պատասխանում է` «ամեն ինչի» ու մանրամասնում. - «Չես կարա ասես… հաստատ` ինչ զենք էլ լիներ… թեկուզ կար` ընենց չի, որ չկար: Բայց եթե արտիլերիա աշխատեր` հաստատ լավ կլիներ»:

Ծատրյանը պատմում է, որ ապրիլի 2-ից եղել է Մարտունիում, ապրիլի 5-ին` վիրավորվել. - «Ես Կապանի երկրապահ ջոկատից եմ: Թիմով էինք գնացել ընդե: Հենց գնացած օրն էլ սկվեց` հենց իջանք` սկսվեց: Իրանք սկսեցին: Հարձակումն էլ մենակ օդային ա էլե… ընենց չի, որ բոյ ենք տվել: Շատը սնարյադ, գրադ»:

«Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ, պահեստազորի գեներալ Գագիկ Մելքոնյանը, ով այս պահին առաջնագծում է, «Ազատության» հետ զրույցում նշեց, թե կիսում է զինծառայողների մոտեցումները՝ եթե հայկական կողմն էլ անցած տարիների ընթացքում արդիական զենքեր ձեռք բերեր, ապա հնարավոր կլիներ խուսափել այսչափ զոհերից:

Հավելենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անցած շաբաթ իշխող Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո, անդրադառնալով խնդրին, ասել էր, թե հայկական կողմի սպառազինությունը պատշաճ մակարդակի է:

«Մեր ձեռքի տակ եղած ողջ սպառազինությունը, այդ ամբողջ պաշարը պատշաճ մակարդակի է և այդ օրերին` մարտական գործողությունների ժամանակ, ապահովել է և՛ պաշտպանությունը, և՛ հակառակորդի ճշգրիտ կրակային խոցումը, և՛ ապահովել համազորային և այլ ստորաբաժանումների համար գործողություններ», - ասել էր նախարարը:

«Ես ինչքան հիշում եմ` մի 4-5 տարի մեր հակառակորդը անընդհատ ասում ա` մենք զինվում ենք, մենք պետք է Ղարաբաղը վերցնենք պատերազմով: Մենք դրանց պատրաստ պիտի լինեինք 5 տարի առաջ: Ինչո՞ւ չի արվել` այ, պետք է հիմի մեր պաշտպանության նախարարին հարցվի, մեր իշխանություններին հարցվի, թե` ինչի՞ բանակին նորմալ ձևով չեք ֆինանսավորել, կամ ֆինանսավորել եք` ո՞ւր է էդ ամենը: Հիմի արդեն էն ժամանակն ա, որ պիտի մենք հարցեր տանք մարդկանց: Թող իրանք պատասխանեն: Այ էս զոհերի համար ամեն մեկը պիտի պատասխան տա», - մեզ հետ զրույցում ասաց Մելքոնյանը: