ԼՂ ՊԲ․ Հակառակորդի կրակոցներից երկու զինծառայող է վիրավորվել

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է ավելի քան 50 անգամ։

ԼՂ Պաշտպանության բանակը հաղորդում է, որ անցած գիշերը ևս 2 զինծառայող է վիրավորվել: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է ավելի քան 50 անգամ։

Տարածված հաղորդագրության համաձայն, հակառակորդը 3 արկ է նետել Մարտակերտի ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ վիրավոր զինվորները բուժում են ստանում Ղարաբաղում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Որևէ արտառոց բան չկա էստեղ, սա հակառակորդի ձեռագիրն է, որից ինքը դժվար թե ձերբազատվի», - հավելեց նա։

Բաբայանը, այդուհանդերձ, համարում է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունն ընդհանուր առմամբ նվազել է ոչ միայն ապրիլի առաջին օրերի, այլ անգամ անցած 1,5 տարվա համեմատ․ - «Ապրիլի 5-ից հետո մենք տեսանք, որ համեմատական առումով իրավիճակը կայունացավ, և ընդհանուր առմամբ այդ զինադադարը պահպանվում է։ Մնացածն այնպես է, ինչպես եղել է վերջին 22 տարվա ընթացքում»։

Պաշտպանության բանակից հայտնում են նաև, որ անցած գիշերը ադրբեջանական կողմը սահմանների արևելյան՝ Ակնա գյուղի ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և կանխվել է։

Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը համոզված է, որ բանակը պատրաստ է նման միջադեպերին համապատասխան հակահարված տալու:

Բաբայանը քիչ համանական է համարում, որ գոնե առաջիկայում Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները։

Ադրբեջանը այս 4 օրվա պատերազմում բավականին մեծ կորուստներ է կրել՝ էլիտային ստորաբաժանումներին բավականին մեծ վնաս է հասցվել․ էլիտային, որի պատրաստման վրա ծախսվել է միլիոնավոր դոլարներ, տարիներ, և նրանց մի պատկառելի մասը ոչնչացվել է։ Գերտերությունները, Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակորեն ընդգծում են, որ նոր պատերազմը ուղղակի անթույլատրելի է։ Այս ամենը, բնական է, ազդում է հավանականության վրա»։