Այսօր Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Սյունիք և Վայոց ձոր մարզերի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում:
Համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվում Արագածոտնի մարզի Թալին, Վերին Սասնաշեն, Արարատի մարզի Արևշատ, Դվին, Մրգավետ, Շահումյան, Ռանչպար, Աղավնատուն, Այգեկ, Այգևան, Առատաշեն, Գայ, Գրիբոյեդով, Մրգաշատ, Նորավան, Ջրարբի, Փշատավան, Գեղարքունիքի մարզի Այրք, Զոլաքար, Լոռու մարզի Դաշտադեմ, Խնկոյան, Սարամեջ, Սարչապետ, Սպիտակ, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Հատիս, Հրազդան, Սևաբերդ, Քանաքեռավան, Սյունիքի մարզի Արծվանիկ, Խնձորեսկ, Վարդավանք, Վայոց ձորի Գետափ համայնքներում, ընդ որում` իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է 34 թեկնածու, «Հայկական վերածնունդը»` 3 թեկնածու, իշխանական Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 2 թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիրը»` 1 թեկնածու, անկուսակցական է` 20 թեկնածու:
Առավել խոշոր համայնքներից` Հրազդանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքար է ծավալվել գործող քաղաքապետ, իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրված հանրապետական Արամ Դանիելյանի, Հրազդանի նախկին քաղաքապետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Սասուն Միքայելյանի և Հայկական վերածնունդ կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանի միջև:
Սպիտակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող համայնքապետ, իշխող ՀՀԿ-ի անդամ, ինքնառաջադրված Գագիկ Սահակյանը և Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ի անդամ, ինքառաջադրված Վանիկ Ասատրյանը:
Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը:
Ընտրությունները դիտարկելու համար տարբեր տեղական կազմակերպություններից գրանցվել է 114 դիտորդ: