Պրահայում շաբաթ օրը հարյուրավոր հայերի, ինչպես նաև նրանց միացած տասնյակ չեխերի մասնակցությամբ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համերաշխության ցույց։
Չեխիայի տարբեր քաղաքներից մայրաքաղաք ցույցի ժամանած մարդկանց թվում էին նաև երիտասարդներ և երեխաներ։
Հայրենասիրական երգերով, Հայաստանի հսկայական եռագույնով, Լեռնային Ղարաբաղի դրոշներով ցուցարարները մտան Պրահայի կենտրոնում գտնվող՝ Եվրոպայի ամենամարդաշատ հրապարակներից մեկը` Ստարոմեստսկե Նամեստի։
«Ո՛չ Ադրբեջանի ագրեսիային», «Ռուսաստա՛ն և Իսրայե՛լ, մի՛ վաճառեք զենք Ադրբեջանին», «ԵԱՀԿ Մինսկի խումբը պարտավոր է լուծել խնդիրը», «Ղարաբաղը մերն է», «Մենք ենք Ղարաբաղը»` այս և տասնյակ ուրիշ, ընդ որում` չեխերեն և անգլերեն գրված մեծ պաստառներով և վանկարկումներով ցուցարարները պահանջում էին վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում ու հարգել Ղարաբաղի ժողովրդի ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։
Ցույցի նպատակի մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ակցիայի կազմակերպիչներից «Ուրարտու» հայ-չեխական բարեկամության միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը․ - «Այսօրվա մեր ցույցը նվիրված է Ղարաբաղի ժողովրդին, Ղարաբաղի ազատագրմանը, Ղարաբաղի ազատությանը: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի աշխարհը լսի և հասկանա Ղարաբաղի ժողովրդի խնդիրները: Եվ ի վերջո, իզուր չի՝ էս Արդարության արձանի սիմվոլի տակ ենք անում, որպեսզի Եվրոպան և աշխարհը պահպանի արդարությունը և զգա Ղարաբաղի ժողովրդի արդար պահանջը և տա Ղարաբաղին հնարավորություն ազատ և անկախ ապրելու»:
Ցույցից հետո մասնակիցները դրոշներով ու պաստառներով քայլեցին դեպի Հայ Առաքելական եկեղեցուն Չեխիայի կաթոլիկ եկեղեցու կողմից տրված Սուրբ Հոգու եկեղեցի, որտեղ կատարվեց Ղարաբաղում վերջին բախումների ժամանակ զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների հոգեհանգստյան կարգ։
Պրահայի քաղաքապետարանի կողմից արտոնված ցույցի ընթացքում միջադեպեր չեղան։
Չեխիայի հայ համայնքը դեռ անցած շաբաթ նամակով դիմել էր երկրի իշխանություններին, կոչ անելով օգտագործել բոլոր հնարավորությունները՝ դադարեցնելու համար «ադրբեջանցիների ռազմական նկրտումները, վերջ տալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու շարունակական գործողությունները»: «Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարվելը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները սադրանքների հերթական ապարդյուն փորձերն են», - նաև գրել են Չեխիայի հայկական կազմակերպությունները:
Պաշտոնական Պրահան, իր հերթին, դատապարտող հայտարարությամբ է արձագանքել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա ռազմական գործողություններին: Ապրիլի 3-ին Չեխիայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված էր․ - «Մենք դատապարտում ենք ուժի կիրառումն ու ցավակցում մարդկային զոհերի կապակցությամբ, հատկապես՝ խաղաղ բնակչության շրջանում: Կոչ ենք անում հակամարտող կողմերին վերջ տալ բռնություններին և հետևել հրադադարի ռեժիմին»: Չեխիայի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարությամբ ընդգծել է նաև, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների խաղաղ ջանքերին:
Ապրիլյան իրադարձություններին անդրադարձել են նաև առանձին չեխ քաղաքական գործիչներ: Չեխիայի խորհրդարանի պատգամավոր Ռոբին Բյոհնիշը հայաստանցի խորհրդարանականներին հղած նամակում նշում էր, որ զինադադարի այդ խախտումները ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ են ուղղված, այլ նաև՝ ԵԱՀԿ-ի հեղինակության: