Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով բանակցություններն ավարտվեցին

Թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը հայտարարեցին, որ կոնսենսուս չկայացավ:

Ազգային ժողովում 4+4+4 ձևաչափով բանակցություններն ավարտվեցին առանց փոխհամաձայնության:

«Ամեն ինչ արեցինք, բոլոր ջանքերը գործադրեցինք: Այսօր մենք պայմանավորվել էինք, որ պետք է փորձենք փաթեթային, կոնսենսուսային լուծումների գալ, և առաջարկեցինք մեր տարբերակը: Ընդ որում, երբ դուք հարցրեցիք՝ արդյո՞ք սա բանակցելի տարբերակ է, մենք ասացինք, որ՝ այո՛, բանակցելի է: Երբ դուք ձեր կոնտրառաջարկները ներկայացրեցիք, դուք ասացիք, որ դրանք բանակցելի չեն: Ուզում եմ արձանագրել հետևյալը՝ եթե այն, ինչ դուք հիմա պատրաստ եք զիջել հանրությանը և ընդդիմությանը, բանակցելի չէ, ուրեմն ես հենց հիմա կարող եմ բոլորի անունից հայտարարել, որ այս ձևաչափով բանակցությունները չտվեցին այն արդյունքները, որին ուղղված էին, այսինքն՝ կոնսենսուս չկայացավ», - հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով բանակցություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի անունից: - «Այս ֆորմատի բանակցությունները համարում ենք ավարտված, մի փոքր հավելումով, որ՝ եթե ձեր կողմից որևէ ազդանշան լինի, որը ցույց է տալիս ձեր պատրաստակամությունը ինչ-որ զիջումների գնալ, մենք պատրաստ կլինենք դրանք վերսկսել» , - հավելեց ընդդիմադիր գործիչը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ևս պնդեցին, որ իշխանությունները չեն ընդունել իրենց սկզբունքային առաջարկները:

«Մենք չեն համարում, որ բոլոր այն կետերը, որոնք դուք ներկայացրեցիք որպես զիջում՝ զիջում են: Դրանք նախագծի այն դրույթներն են, որոնք մեզ հրամցվում են որպես զիջում, և դրանք որևէ կերպ այս բանակցային կամ քննարկման գործընթացի հետևանքում ծնված չեն: Փոխարենը՝ դուք կտրականապես մերժեցիք բոլոր այն հիմնական լուծումները, որոնք ուղղված են ցուցակների վերահսկման և գործընթացում ներգրավված անձանց ընտրական իրավունքի պաշտպանությանը», - հայտարարեց «Իրավունքի Եվրոպա» միավորման ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ նույնպես փաստելով, որ կոնսենսուսը չկայացավ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով ընդդիմախոսների հայտարարություններին, ափսոսանք հայտնեց նրանց հնչեցրած գնահատականների առնչությամբ:

«Քննարկումների արդյունքում մեր կողմը փորձել է բացահայտել այն մտահոգությունները, որոնք առկա են ձեր մոտ, և փորձել է առավելագույնը առաջարկել, ինչը մենք պատրաստ ենք անել, որպեսզի այդ մտահոգությունները լուծվեն: Իսկ այն, որ գնահատականները ավելի շատ քաղաքական դաշտում էին, ես ցավում եմ», - նշեց Դավիթ Հարությունյանը, հավելելով, որ անկախ ամեն ինչից՝ 4+4+4 ձևաչափով քննարկումները շատ օգտակար է համարում: