Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշման նախագծին:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված նախագծի, մասնավորապես, ֆինանսների նախարարին հանձնարարվում է իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ, պաշտպանության նախարարին՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը և Ռուսաստանի համապատասխան մարմինների, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ընկերության հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:
Հիշեցնենք, անցյալ տարվա հունիսի 26-ին ստորագրված համաձայնագրով ռուսական կողմի տրամադրած 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկով Հայաստանը սպառազինություն է ձեռք բերելու Ռուսաստանից: Այս ամսվա սկզբին ղարաբաղյան շփման գծում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսումից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել էր արագացնել սպառազինության մատակարարման պայմանագրի կնքումը: