Արարողությանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան զինվորականներ ու հարյուրավոր քաղաքացիներ:
«Գոհաբանական աղոթք բարձրացրեցինք առ Աստված, որ հաղթանակով պսակեց հայրենյաց պաշտպան մեր զինվորների պայքարը Արցախ ներխուժած թշնամու դեմ՝ խափանելով մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքին բռնանալու նրա դավադիր խորհուրդները», - ասաց Գարեգին Երկրորդը:
«Մեր արի հերոսները, մեր զինվորները իմացյալ մահով իրենց արյունը թափեցին ազատ ու անկախ Արցախի համար: Պատիվ մեր մայրերին, որոնք նման հերոսներ դաստիարակած են», - ասաց Արամ Առաջինը:
Սրբազան հայրերը ծաղիկներ դրեցին Շուշիում Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Երեկ վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
Հակառակորդի կրակոցից երեկ գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Հոսպիտալի պետ, գնդապետ Զորի Սաղյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ - «Վիրահատությունը կատարվել է այսօր: Գտնվում է ապարատային շնչառության տակ»:
«Ազատության» հետ զրույցներում այստեղ բուժվող զինծառայողներն ասում էին, որ ապաքինվելուց հետո անպայման վերադառնալու են իրենց զորամասերը:
Գնդապետ Սաղյանը նույնպես վստահեցնում է, որ բուժումն ավարտած զինծառայողները կարող են վերադառնալ զորամասեր և լիարժեքորեն ծառայել․ - «Դուրս գրվողներ վիրավորներից արդեն կան, երեկ էլ ենք դուրս գրել, այսօր էլ: Անում ենք ամեն ինչ, որ բոլորը վերադառնան իրենց ծառայության վայրերը»: