Հաստատվեց «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ճանապարհային քարտեզը

Դրա գործարկման արդյունքում Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կկարողանան համաժամանկյա աշխատել՝ փոխանակելով մինչև 1200 ՄՎտ հզորության հոսքեր:

Այսօր Երևանում Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը կնքեցին քառակողմ փաստաթուղթ, որով հաստատվեց «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ճանապարհային քարտեզը:

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաղորդագրության համաձայն, նախարար Լևոն Յոլյանը, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարներ Համիդ Չիթչիանն ու Ալեքսանդր Նովակը, ինչպես նաև Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին ստորագրումից առաջ քննարկել են «չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի միավորման հնարավորությունները»։ Այլ մանրամասներ նախարարությունից չհայտնեցին:

Ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալությունը ներկայացնում է Россети ընկերության ղեկավար Օլեգ Բուդարգինի խոսքերը, ըստ որի, Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքը ձեռնտու է և՛ տնտեսական, և՛ տեխնոլոգիական առումներով: Բուդարգինը հավելել է, որ նախատեսվում է 2018-ին ավարտել չորս երկրները կապող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարությունը, ինչի արդյունքում, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի ու Իրանի էլեկտրաէներգետիկական համակարգերը կկարողանան համաժամանկյա աշխատել՝ փոխանակելով մինչև 1200 ՄՎտ հզորության էլեկտրականության հոսքեր:

Նախորդ երեքուկես ամսվա ընթացքում սա չորս երկրների ներկայացուցիչների արդեն երկրորդ հանդիպումն է: Նախորդը նույնպես կայացել էր Երևանում՝ անցած տարվա դեկտեմբերին՝ օրակարգում դարձյալ ունենալով չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի միավորման հարցը:

«Ազատության» հետ զրույցում, էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանն ավելի վաղ նշել էր՝ հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ ոլորտի հզորությունների առաջիկա ընդլայնումը, չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի միավորումը նոր շուկա է բացելու էլեկտրաէներգիա արտադրող հայաստանյան ընկերությունների համար: