Մոսկվայի մարզի Գորկի քաղաքում այսօր մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հանդիպումը: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախաստանի վարչապետները, Ղրղըզստանի փոխվարչապետը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Այս հանդիպումը պետք է անցկացվեր ապրիլի 8-ին Երևանում, բայց Լեռնային Ղարաբաղում ապրիլյան բախումների պատճառով Ղազախստանը միջնորդեց, որ այն անցկացվի Մոսկվայում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողներին հայտնել է, թե համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ նիստը Երևանում անցկացնելու հարցում, նաև ասել է, որ երևանյան նիստին քննարկվելու են նավթի և նավթամթերքների միասնական շուկա ստեղծելու հայեցկակարգի հետ կապված հարցեր:
Անդրադառնալով այսօրվա նիստին, Տիգրան Սարգսյանն ասել է, թե քննարկել է Եվրամիության ու Չինաստանի հետ ԵՏՄ-ի համագործակցության զարգացման ռազմավարությունը: Հարցերի մեկ այլ խումբ էլ վերաբերել է ԵՏՄ-ի արդյունաբերական քաղաքականությանը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, թե ԵՏՄ-ի գործունեությունը կայունացնող ազդեցություն է թողնում անդամ երկրների տնտեսությունների վրա՝ գլոբալ տնտեսական անկայունության պայմաններում: Մեդվեդևը գործընկերներին առաջարկել է հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել: «Մենք պայմանավորվել էինք հանդիպել երկու ամիսը մեկ, բայց դա հազվադեպ է ստացվում: Օրակարգի հարցերը կուտակվում են, դա լավ չէ, պետք է օպերատիվ շփումներն անցկացվեն ավելի կանոնավոր»,- ասել է ՌԴ վարչապետը:
Այսօրվա հանդիպումը Երևանից Մոսկվա տեղափոխելու առնչությամբ, ՏԱՍՍ-ը բերում է Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի պարզաբանումը, ով, ըստ գործակալության, ասել է, թե տեղափոխման պատճառը տեխնիկական է: