Փորձագետ․ «Ադրբեջանի նոր հարձակումը ժամանակի հարց է»

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյան, արխիվ

Ըստ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի, այս պայմաններում խիստ կարևոր են դառնում ներքին փոփոխությունները՝ միտված Հայաստանի ու Ղարաբաղի ուժեղացմանը:

Ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով հրադադարի ռեժիմը փլուզվեց և գրեթե դադարեց բանակցային գործընթացը, արձանագրում է քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ այս պայմաններում հայկական կողմը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի նոր հարձակմանը:

«Պետք է անկեղծ լինել, բանակցային գործընթացը գրեթե մեռած վիճակում է, և իրականում մենք պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի նոր հարձակմանը, որը ժամանակի հարց է: Խնդիրն արդեն այն չէ՝ կհարձակվի՞ Ադրբեջանը, թե՞ ոչ, խնդիրն այն է, թե երբ տեղի կունենա նոր հարձակումը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը:

Ըստ փորձագետի, Ադրբեջանին ոչինչ չի խանգարում վերազինվել և վերսկսել հարձակումը՝ լինի դա երկու շաբաթ, թե երկու ամիս հետո: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, վերջին իրադարձություններից հետո լիովին նոր իրավիճակ է ստեղծվել, ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը նոր ռազմավարություն է որդեգրել:

«Ադրբեջանի նոր ռազմավարությունն ավելի մահաբեր և անխոհեմ է, դա ռազմավարություն է, որով նա ձգտում է գրավել նոր տարածքներ և ամրանալ դրանցում՝ փոխելով ստատուս քվոյով հաստատված քարտեզը, բուն ստատուս քվոն վիճարկելու փոխարեն»,- շարունակում է քաղաքագետը:

Այս պայմաններում, ըստ նրա, խիստ կարևոր են դառնում ներքին փոփոխությունները՝ միտված Հայաստանի ու Ղարաբաղի ուժեղացմանը: «Չնայած առկա ռազմական հզորությանը և պաշտպանական առավելություններին, այժմ ժամանակն է, որ շատ առումներով Հայաստանում և Ղարաբաղում փոփոխություններ արվեն՝ խորացնելու համար ժողովրդավարությունն ու ամրացնելու՝ տնտեսությունը: Եվ սա է այժմ իրական ու գլխավոր խնդիրը՝ պետական կառույցները, առաջնորդներն ու կառավարությունը պետք է ազգային շահը հետապնդեն՝ սեփական շահն առաջ տանելու փոխարեն»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Վերջին իրադարձությունների համատեքստում անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, փորձագետը նշեց՝ Հայաստանի և Ռուսաստանի «ռազմավարական ամուսնությունը» վերածվել է ընտանեկան բռնության: Ռուսաստանի ոչ համաչափ և ամբարտավան վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ակնհայտ է, ասում է Կիրակոսյանն ու շարունակում՝

«Մենք այժմ հետևյալին ենք ականատես: Ադրբեջան - Թուրքիա ավանդական հարաբերություններն այժմ կարծես ավելի թույլ են և պակաս մտահոգիչ, քան Մոսկվայի և Բաքվի աճող համագործակցությունը: Եվ շատ առումներով հստակ չէ, թե ինչ դերակատարություն ունի Ռուսաստանը՝ վերջին բախումները սադրելու հարցում: Սակայն հստակ է, որ Ադրբեջանն առնվազն հավատում էր, թե իր գործողությունների համար Մոսկվայից կանաչ լույս ունի»:

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հայաստանն այժմ դիվանագիտական փորձության առջև կարող է կանգնել: Ըստ նրա, հնարավոր վտանգի կշռի մասին է վկայում Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի անակնկալ հանդիպումը: Թեև հանդիպման արդյունքը գովելի է, բայց այն, որ գործող նախագահն առաջին նախագահի առանձնատուն էր գնացել, վկայում է իրավիճակի լրջության մասին, նկատում է փորձագետը: Ըստ նրա, Հայաստանն ու Ղարաբաղը կարող են հայտնվել Մոսկվայի կողմից աճող ճնշման և հարկադրանքի ներքո՝ Ղարաբաղի հարակից տարածքները հանձնելու և ստատուս քվոն փոխելու հարցերում:

Կիրակոսյանի խոսքով, Հայաստանն ու Ղարաբաղը պետք է առավել միասնական լինեն՝ այդ ճնշումներին դիմագրավելու համար: Միևնույն ժամանակ, շատ անարդար է, որ ագրեսիան հրահրում է Ադրբեջանը, իսկ ճնշման ենթարկվում է Հայաստանը՝ Մինսկի խմբի և, մասնավորապես, Ռուսաստանի կողմից, նշում է քաղաքագետն ու շարունակում՝ սա վկայում է, որ այժմ խնդիրը ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ լինելն է, այլ հայամետ մոտեցման ամրագրման անհրաժեշտությունը՝ պաշտպանելու համար անկախությունն ու ինքնիշխանությունը, անկախ արտաքին դերակատարներից:

Շաբաթ օրը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանում էր, միջնորդների հետ հանդիպել է նաև Ռիչարդ Կիրակոսյանը: Նա իր տեսակետներն է փոխանցել ՄԽ համանախագահներին, նշելով, որ անհրաժեշտ է Ստեփանակերտը վերադարձնել բանակցային սեղան, քանի որ Ղարաբաղի իրական ապագան պետք է Ստեփանակերտի որոշումներով կերտվի և ավելի պակաս չափով՝ Երևանի։

Ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը ևս կարծում է, որ ապրիլի սկզբին արյունալի իրադարձություններից հետո այժմ հաստատված հարաբերական անդորրը միջնաժամկետ հանգրվան է: Այն հիմնված է կողմերի ռազմական պոտենցիալների հավասարակշռության և Ռուսաստանի միջամտության վրա:

«Եթե շատ կարճ ժամկետում հայկական կողմերը բավական լուրջ ձևով չվերականգնեն ռազմատեխնիկական բալանսը, մի կողմից, և մյուս կողմից՝ եթե միջազգային հանրության լայն ներգրավվածությունը մենք չտեսնենք ավելի ակտիվ ու ավելի հստակ՝ ուղղված կոնկրետ մեղավորներին, ապա հրադադարի ռեժիմի խախտումների վտանգը միայն և միայն կավելանա»,- ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը:

Քառօրյա արյունալի բախումները, Սերգեյ Մինասյանի խոսքով, դեռ լայնամասշտաբ պատերազմ չեն, այլ 1994 թվականի հրադադարի ռեժիմի շատ լուրջ խախտում: Չնայած շատ ցավալի մարդկային կորուստներին, դիրքային լուրջ փոփոխություններ չկան:

Փորձագետն օրինաչափ է համարում, որ հենց Մոսկվայի միջնորդությամբ է կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը կայացել: Նրա խոսքով, ուզենք թե չուզենք՝ տարածաշրջանային բոլոր հակամարտությունների վրա Ռուսաստանը վճռական ազդեցություն ունի:

«Ադրբեջանը լավ գիտի, որ պատերազմ վերսկսելու դեպքում կպարտվի, ավելին՝ պատերազմի գինն էլ շատ բարձր է՝ դա Բաքու- Ջեյհան նավթատարի անվտանգությունն է: Սակայն, Ադրբեջանը վտանգավոր է այնքանով, որ խոհեմ և կանխատեսելի չէ ու չափազանց ինքնավստահ է»,- նշում է Սերգեյ Մինասյանը: