Ադրբեջանը ԿԽՄԿ-ին հայտնել է, որ իր տարածքում հայ զինծառայողի մարմին է հայտնաբերել

Լեռնային Ղարաբաղի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմն այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությանը հայտնել է, որ իր տարածքում հայտնաբերել է մեկ հայ զինծառայողի մարմին:

«Կարմիր Խաչի ներկայացուցիչը Ստեփանակերտի գրասենյակից ինձ բանավոր տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը նման բան է ասում: Եվ ես բանակցություններ եմ վարում, որպեսզի կարողանանք տեղափոխել զինվորի մարմինը», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Վիկտոր Քոչարյանը:

Օրեր առաջ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին 18 զինծառայողի մարմին էր հանձնել, ինչից հետո դեռ անհայտ կորած էր համարվում մեկ զինվոր։

Անհայտ կորած զինվորի տվյալները դեռևս չեն հրապարակվում։ ԿՄԽԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը փոխանցեց, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայտնում է, որ ադրբեջանական կողմն այս գիշեր կրկին խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը․ վիրավորվել է Պաշտպանության բանակի 1 զինծառայող:

Համաձայն հաղորդագրության, ապրիլի լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը, հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ արձակել՝ օգտագործելով ինչպես դիպուկահար զենքեր, այնպես էլ նռնականետեր։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը շարունակում է իր հարձակողական քաղաքականությունը։ Բաբայանը հավելեց, որ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածի համեմատ, շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։

«Ադրբեջանը դասեր ստանում է: Իհարկե կրակելու է, ինքը այդպիսի ռազմավարություն է ընտրել՝ ահաբեկել մեզ: Բայց չի ստացվելու: Ինչքան էլ որ կրակի, ինչքան էլ խախտի ռեժիմը, չի կարողանալու մեզ ահաբեկի», - հավելեց Բաբայանը:

Հրադադարի ռեժիմը խախտվել է նաև հայ-ադրբեջանական սահմանագծում։ Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, այս գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 12 խախտում, ըստ նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հիմնականում հայ դիրքապահների ուղղությամբ․ - «Ըստ էության, դա մեծ քանակ չէ: Զգալի նվազել է լարվածությունը»:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։