Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի հետ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի, հայրենիք-սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ուշադրության կենտրոնում էին ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող հարցեր:
Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին համայն հայությունը ցուցաբերել է օրինակելի միասնականություն, բարձր հայրենասիրություն և անձնվիրություն` ընդգծելով այս գործընթացում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությունը:
Երկրի ղեկավարը արժևորել է Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների այցը Ղարաբաղ` նշելով նրա պատմական լինելը հոգևոր, քաղաքական և մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրագույն հոգևորական դասի մի խումբ ներկայացուցիչներ: