«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակներում, Ադրբեջանը, ճիշտ է դաշնակից չէ, բայց ռազմավարական գործընկեր է՝ վճարունակ գործընկեր: Նրանք վճարում են զենքի համար: Ռուսաստանը նրանց զենք է վաճառում, իսկ եթե չվաճառի, կվաճառեն ուրիշները», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռազմատեխնիկական հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումներին՝ Ռոգոզինն ասել է․ - «Ոչ թե զենք է կրակում, այլ մարդիկ»:
Նա տարակուսում է, թե ինչու է զենքի վաճառքը հակամարտող կողմերին դժգոհություն առաջացրել՝ դա անվանելով «դեմագոգիա» և «լալկան նվնվոց»:
«Պատկերացրեք, որ մենք դադարեցնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունն այդ երկրներից մեկի հետ․ այստեղ կհայտնվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն», - շարունակել է Ռոգոզինը՝ մտավախություն հայտնելով, թե այդ դեպքում Ռուսաստանը կկորցնի կարևոր շուկա:
Միաժամանակ, բարձրաստիճան պաշտոնյան չի կարողացել հստակ պատասխանել հարցին, թե ինչն է այսօր խանգարում ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային զենք վաճառել հակամարտող կողմերին:
Ռոգոզինը կրկնել է պաշտոնական Մոսկվայի փաստարկը, թե Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին և Ադրբեջանին՝ հավասարակշռությունը պահպանելու համար: