Դավիթ Բաբայան․ Գոյություն ունի հարաբերական անդորր սահմանների ողջ երկայնքով

Պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ այս գիշեր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը։

Որոշ հատվածներում, սակայն, արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Մարտակերտի և Հադրութի ուղղությամբ Ադրբեջանը 7 արկ է արձակել տարբեր տրամաչափի ականանետերից և 17 արկ` նռնականետից։ Հաղորդվում է նաև, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում հետախուզական նպատակով օգտագործել է անօդաչու թռչող սարքեր:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի համոզմամբ, այս փուլում հնարավոր չէ խոսել բացարձակ խաղաղ վիճակի մասին, իրավիճակը պետք է դիտարկել համեմատության մեջ․ - «Համեմատելով ապրիլի 2-5-ը տեղի ունեցած գործընթացների և վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում ամենօրյա կտրվածքով հակառակորդի կողմից զինադադարի ռեժիմի խախտումների հետ, կարող ենք փաստել, որ այս մի քանի օրերին իրավիճակը կայուն է համեմատաբար: Ճիշտ է, հակառակորդը որոշ խախտումներ իրականացրել է, որոշ հատվածներում ռմբակոծել է մեր դիրքերը, բայց ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ գոյություն ունի հարաբերական անդորր սահմանների ողջ երկայնքով»:

Ղարաբաղի առաջապահ ստորաբաժանումները, ըստ Պաշտպանության բանակի հաղորդագրության, հետևել են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի: Այս պահի դրությամբ, հայկական կողմն ունի 65 զոհ, 121 վիրավոր և մեկ անհետ կորած։

«Զինծառայողների նոր զոհեր մարտական գործողությունների շրջանում չեն եղել: Շարունակում է անհետ կորած մնալ Արգիշտի Գաբոյանը», - ասաց Բաբայանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ անցած գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը, կիրառելով հրաձգային` այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, 16 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։

Ըստ հաղորդագրության, զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Տավուշի սահմանամերձ Չինարի և Վազաշեն համայնքներում, գյուղապետերի հավաստմամբ, կյանքն ընթանում է բնականոն հունով։

«Մենք էդ փոքր բաները հո չենք հաշվում», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

«Անհանգստանալու չկա: Ունենք բանակ, ամուր բանակ ա, իրենց ցավը տանեմ, մեր անվտանգությունը ու մեր երկրի անվտանգությունը պաշտպանում են», - ասաց Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը: