Ռուզաննա Եղնուկյանին վնասվածք հասցնելու փաստով քրեական գործ է հարուցվել

Ռուզաննա Եղնուկյանը վնասվածք ստանալուց քիչ անց, 24-ը մարտի, 2016թ․

Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների հետ բախման ժամանակ վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը տուժող է ճանաչվել, սակայն հարուցված քրեական գործում դեռևս մեղադրյալներ չկան:

Տուժողի ամուսնու՝ Կարո Եղնուկյանի խոսքով, քրեական գործի հարուցման մասին տեղեկացել են օրեր առաջ:

«Մեղադրանք չկա: Ինչքան գիտեմ՝ երեք վկաները դեռ չեն կանչվել ցուցմունք տալու», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Կարո Եղնուկյանը, ով միջադեպի հենց հաջորդ օրն էր դիմել դատախազություն, իրավապահներից մեծ ակնկալիքներ չունի, թեև պնդում է, թե ակնհայտ է՝ Մաշտոցի պուրակի դիմաց ի պաշտպանություն կալանավորված Գևորգ Սաֆարյանի անցկացված ակցիայի ընթացքում կնոջը հարվածել են հենց ոստիկանները:

«Վստահ եմ, որ իրենք արդեն գիտեն, թե մեղավորը ով է, որովհետև տեսագրություն կա, երեք վկա կա, որոնք մատնացույց են անում, թե կոնկրետ որ մեկ ոստիկանին է պատկանում այդ ոտքը, որը տեսաձայնագրության մեջ երևում է», - նշեց Կարո Եղնուկյանը:

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, երբ այն զուգորդվել է բռնության գործադրմամբ, սակայն մեղադրանքը դեռ անհասցե է։ Տուժողի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասում է՝ տեսականում մեղադրյալը կարող է և ավելի ուշ բացահայտվել, բայց նախկին փորձն աչքի առջև ունենալով՝ կասկածներ ունի, որ մեղավորը այդպես էլ չի բացահայտվի։ Փաստաբանը հիշեցնում է վերջին օրինակը. ճաղերի ետևում գտնվող Գևորգ Սաֆարյանը ու Ամանորի գիշերը ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում բռնության ենթարկված մյուս ընկերները ևս տուժողներ են, սակայն միջադեպից 3 ամիս անց՝ մեղադրյալներ չկան․ - «Կար տեսանյութը, հստակ երևում է, թե ինչպես է Գեղամ Խաչատրյանը, այլ անձիք գալիս են, հարվածում են»:

Ռուզաննա Եղնուկյանը մարտի 24-ին մի խումբ կանանց հետ Մաշտոցի պողոտայում մասնակցում էր ակցիայի հենց ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի: Ակցիայի ժամանակ՝ ոստիկանների հետ բախումների ընթացքում, ճակատի բաց վնասվածք էր ստացել ու հիվանդանոց տեղափոխվել: Ամուսնու խոսքով, կինը մինչ օրս վատառողջ է, անքնություն և գլխացավեր ունի։

«Լույսի և ձայնի հետ կապված ավելի է սրվում գլխացավը, կռանալուց ավելի է գլուխը ցավում», - պատմեց Կարո Եղնուկյանը:

Միջադեպից հետո Ռուզաննա Եղնուկյանի ներկայացուցիչը երեք հոդվածներով էր բողոք ներկայացրել. ոստիկանության կողմից հանրահավաքի խափանման, Եղնուկյանի նկատմամբ խոշտանգման և ոստիկանների լիազորությունների չարաշահման, սակայն քրեական գործը հարուցվել է միայն վերջին հոդվածի հիման վրա։

Փաստաբան Հայրապետյանը պնդում է՝ մյուս երկու հոդվածների հատկանիշները ևս ակնհայտ էին․ - «Նրան հրել են, գցել են գետնին, մի քանի հոգի՝ այլ ցուցարարներ, ընկել են նրա վրա, ինչ-որ պահի շնչահեղձ է եղել, մի պահ գիտակցությունն է կորցրել: Հետո նրա գլխի վերևով, մազերով քայլել են, հետո նոր այդ հարվածն է ստացել ու մինչև այսօր դեռ բուժվում է»:

Թեև ցուցարարները պնդում են, որ Ռուզաննա Եղնուկյանին հարվածել են իրավապահները, միջադեպից հետո Մաշտոցի պողոտա ժամանած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, թե նրա վնասվածքը հրմշտոցի հետևանք է։