ՔԿ. Զորամասերից մեկի ավտոհավաքակայանում զինվոր է մահացել, հարուցվել է քրգործ

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած մարտական մեքենաներ վարելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։

«Ապրիլի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի ավտոհավաքակայանում «Ուրալ-4320» մակնիշի N զինհամարանիշի մեքենայով քարշակելիս՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Համլետի Ավետիսյանը մնացել է քարշակող և քարշակվող «Զիլ-131» մակնիշի N զինհամարանիշի մեքենաների արանքում, որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, կատարվում է նախաքննություն:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: