Հայաստանը, որպես ռազմավարական գործընկեր, հորդորել է, հորդորում է, որպեսզի Ռուսաստանը զենք չվաճառի ադրբեջանցիներին, ովքեր այդ զենքը օգտագործում են խաղաղ բնակիչների դեմ: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Իրոք, մեր ժողովուրդը ցավ է ապրում, որ Ռուսաստանի Դաշնությունը զենք է վաճառում ագրեսոր ադրբեջանցուն: Դա վատ բան է: Մենք հորդորել ենք, ասել ենք, որ մենք դա լավ չենք ընդունում և գտնում ենք ոչ ճիշտ, որ ռազմավարական մեր գործընկերը զենք վաճառի Ադրբեջանին: Բայց դա իրենց գործն է, իրենք են որոշում», - լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նաև համոզմունք հայտնեց, որ հանրապետության նախագահի գլխավորությամբ, իշխանությունները ամեն ինչ անելու են՝ զոհված զինվորների հարազատներին, մերձավորներին օգնելու համար:
«Ես համոզված եմ, որ մենք լինելու ենք մեր զինվորի կողքին: Մենք նաև հպարտ ենք, որ ունենք այդպիսի հերոս զինվորներ, այդպիսի մարտունակ բանակ, որ կարողացավ դիմակայել այդ մեծ ագրեսիային, և կարծում եմ, որ մենք համապատասխան հարված տվել ենք մեր թշնամուն: Եթե մենք ունենք զոհեր, ապա իրենք ունեն մի քանի անգամ ավել զոհեր, բայց դա մեզ չի մխիթարում: Իհարկե, մենք չենք ցանկանում պատերազմ, մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց եթե լինի նման ագրեսիա, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր ժողովրդին, երեխաներին, մեր ծնողներին, մեր ծերերին»:
Խոսելով պետության կողմից բանակին տրամադրվող միջոցների մասին՝ վարչապետն ընդգծեց․ - «Պետական միջոցները կավելացնենք, ինչքան անհրաժեշտ լինի, և մենք այդ միջոցները ունենք»: