Կառավարությունում չգիտեն՝ սահմանին գազի գնի նվազումը կազդի՞ վերջնական սպառողի վրա

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի կարծիքով, այս անգամ «Գազպրոմ Արմենիա»-ն այլընտրանք չունի ու պետք է իջեցնի գինը նաև սպառողի համար։

Հայաստանի կառավարությունում դեռ չգիտեն՝ արդյո՞ք «Գազպրոմ Արմենիա»-ի համար ապրիլի 1-ից սահմանին գազի գնի իջեցումը կհանգեցնի նաև սպառողների համար սակագնի նվազեցման։ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, առաջիկայում Հայաստան առաքվող գազի գինը սահմանին կնվազի 15 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց 165-ից դառնալով 150 դոլար։

«Գազպրոմ Արմենիա»-ի խոսնակ Շուշան Սարդարյանը հայտնեց՝ գնի իջեցման մասին այս պահին հստակ ոչինչ չի կարող ասել, իսկ փաստաթուղթը դեռ պետք է վավերացվի։ «Մեր պատասխանը հետևյալն է՝ երեկ ստորագրված փաստաթուղթը կանցնի վավերացման փուլ, որին կհետևեն բոլոր սահմանված ընթացակարգերը»,- ասաց Սարդարյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից փոխանցում են, որ ընթակարգի համաձայն, կամ «Գազպրոմ Արմենիա»-ի դիմումով, կամ էլ սեփական նախաձեռնությամբ, հանձնաժողովը պետք է քննարկի սակագնի վերանայման հարցը: Թե երբ՝ չգիտեն։

Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի կարծիքով, այս անգամ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու «Գազպրոմ Արմենիա»-ն այլընտրանք չունեն՝ պետք է իջեցնեն գինը։ «Բայց ինչքա՞ն կարող է իջնել վերջնական սպառողների համար, իհարկե՝ սա նաև միջպետական բանակցությունների արդյունք է, բայց մենք դեռ պետք է լրջագույնս քննարկենք, թե դրա հետևանքը վերջնական սպառողի համար ինչ է լինե։ու»,- ասաց Մելքումյանը:

Այսօր գազը սպառողներին է վաճառվում միջինը մոտ 300 դոլարով, Մելքումյանի հաշվարկով՝ սահմանին գնի իջեցումից հետո սպառողների համար կապույտ վառելիքի գինը պետք է իջնի նվազագույնը 15-24 դոլարով։ «Մինիմալը էն ա, որ ինչքան իջել ա սահմանի վրա, էդքան էլ պիտի իջնի սպառողների համար, սա կասկած չի հարուցում՝ «Գազպրոմի» ծախսերը նույնն են»,- ասաց Մելքումյանը: Թեև սակագնի իջեցումը տեղի ունեցավ բանակցությունների արդյունքում, ԲՀԿ-ական Մելքումյանը, այնուամենայնիվ, նկատում է՝ Հայաստանի համար գինն իջել է միջազգային շուկայում գազի գնի նվազման շնորհիվ՝ «Հայաստանին արտոնություն չեն տվել»:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը հիշեցնում է՝ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ սպառողները սահմանային գնի համարյա կրկնակին են վճարում բնակարանում գազ ունենալու համար։ Ըստ տնտեսագետի, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջիկայում խոշոր ներդրումներ չի պատրաստվում կատարել, բացի այդ, վերջին տարիներին Հայաստանում ընկերությունն աշխատել է ակնհայտ մեծ շահույթով, հետևաբար՝ գազի գինը սպառողի համար չիջեցնելու ու նույնը թողելու որևէ իրական հիմանվորում չի ընկերությունը կարող ներկայացնել։