Այսօրվա նիստում հետազոտվեցին Պերմյակովի ինքնաձիգն ու սվին դանակը, նաև այլ ապացույցներ

Տուժողի իրավահաջորդի փաստաբանների պնդմամբ, մեղադրյալը դիակների տեսաերիզը դիտելիս դեմքի արտահայտությունը չի փոխել: Հաջորդ նիստին հարցաքննվելու է հենց մեղադրյալը՝ Վալերի Պերմյակովը:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով այսօրվա դատական նիստում հետազոտվեցին գործում առկա ապացույցները: Առաջինը հետազոտվեցին մաղադրյալ Վալերի Պերմյակովին ամրակցված «ԱԿՍ 74» ինքնաձիգը և սվին դանակը:

Ապա դատարանը հետազոտեց Ավետիսյանների տնից հայտնաբերված 28 պարկուճներն ու 16 գնդակները, նաև մի շարք այլ ապացույցներ՝ Պերմյակովի հեռախոսները, զինվորական համազգեստը, որով նա զորամասից դիմել էր փախուստի, Ավետիսյանների տանը զգեստափոխվելիս հագած հագուստը: Հրապարակվեց նաև գործում առկա 15 տեսաերիզներից մեկը: Դրանում դեպքի վայրում՝ Ավետիսյանների տանը սպանության օրը կատարված նկարահանման նյութն էր:

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչները՝ Լուսինե Սահակյանը և Երեմ Սարգսյանը փաստեցին, որ Պերմյակովը, առանց դեմքի արտահայտությունը փոխելու, դիտեց Ավետիսյանների դիակները պատկերող տեսաերիզը: Դատարանն այսօր հրապարակեց նաև Պերմյակովի մի քանի ծառայակիցներին որպես վկա դատարան կանչելու համար իրենց հեռագրերի և հարցումների՝ Ռուսաստանից ստացված պատասխանները: Պատասխաններից մեկում ասվում էր, որ դուռը փակ է եղել, ուստի՝ անձը չի ծանուցվել: Մեկ այլ պատասխանում նշված էր, որ անձի գտնվելու վայրը հայտնի չէ:

Փաստաբանները միջնորդեցին կրկնակի հարցում ուղարկել, նաև ռուսական կողմից ստանալ որոշ փաստաթղթեր, որոնցով պարզ կդառնա՝ արդյո՞ք ռուս պաշտոնյաների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ Պերմյակովի զորակոչի հետ կապված, քանի որ գործում առկա նյութերը փաստաբաններին հիմք են տալիս ենթադրելու, որ վերջինս չպետք է զորակոչվեր, ավելին՝ հայտնվեր Հայաստանում: Դատարանը բավարարարեց միջնորդությունները:

Դատական հաջորդ նիստը կկայանա հաջորդ ուրբաթ: Դրա ընթացքում հարցաքննվելու է Վալերի Պերմյակովը: