Meydan TV. Ադրբեջանն առնվազն 64 զոհ և 6 անհետ կորած ունի

Ադրբեջանցի զինծառայողների մարմինները Թալիշ գյուղի մոտակայքում: 6-ը ապրիլի, 2016 թ․

Բեռլինում գործող Meydan TV կայքը զոհերի թվի, նրանց ինքնության, զինվորական կոչումների, ինչպես նաև զոհվելու հանգամանքների մասին տեղեկատվությունը ստացվել է բացառապես բաց աղբյուրներից` հիմնականում սոցիալական ցանցերում արված գրառումների հիման վրա:

Ադրբեջանական առաջատար ընդդիմադիր կայքերից մեկը` Բեռլինում գործող Meydan TV-ն պնդում է, որ ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմն առնվազն 64 զոհ է տվել, ևս վեց զինծառայողներ անհետ կորել են:

«Այս ցուցանիշը կրկնակի մեծ է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալից, որի համաձայն ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը 31 զոհ է տվել», - նշում է կայքը՝ հավելելով, որ զոհերի թվի, նրանց ինքնության, զինվորական կոչումների, ինչպես նաև զոհվելու հանգամանքների մասին տեղեկատվությունը ստացվել է բացառապես բաց աղբյուրներից` հիմնականում սոցիալական ցանցերում արված գրառումների հիման վրա:

Meydan TV-ի հրապարակած ցուցակում տեղ գտած 64 զոհված զինծառայողներից 12-ը սպայակազմի ներկայացուցիչներն են, 4-ը` ենթասպաներ, մնացածը՝ շարքայիններ: Զոհված ամենաբարձրաստիճան սպաներն են՝ գնդապետեր Ռաուֆ Օրուջովը և Վուգար Յուսիֆովը: 1968 թվականին ծնված Օրուջովը ծնունդով Աղդամի շրջանից է, նա զոհվել է Թարթառի շրջանում ծավալված մարտերի ընթացքում: Մյուս գնդապետը` Վուգար Յուսիֆովը, ևս զոհվել է Թարթառի շրջանում: Ըստ ադրբեջանական կայքի, նա 40 տարեկան է, ծնվել էր Շամխորի շրջանի Շիշթեփե գյուղում:

Meydan TV-ի հրապարակած ցանկում են նաև հայկական կողմի խոցած երկու Ми-24 ռազմական ուղղաթիռների անձնակազմերի երեք անդամները` Բեքիր Իսմայիլովը, Ուրֆան Վելիզադեն և Թեբրիզ Մուսազադեն: Երեքն էլ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մայորի կոչում ունեին:

Ադրբեջանական ընդդիմադիր կայքի հրապարակած ցուցակում աչքի զարնող ևս մեկը հանգամանք կա` զոհված հետախույզների առատությունը․ հրապարակված ցանկի գրեթե տասը տոկոսը` վեց հոգի, հենց այդ զորատեսակի ներկայացուցիչներ են: Նրանց թվում է հետախույզների հրամանատար, ավագ լեյտենանտ Էլվին Նամազովը: Եվս մեկ ադրբեջանցի հետախույզի` Թուրալ Ղուրբանովի անունը տեղ է գտել անհետ կորածների ցանկում:

Ընդհանուր առմամբ, ըստ Meydan TV-ի, ապրիլի 2-ից ի վեր շփման գծի երկայնքով ծավալված մարտական գործողությունների ընթացքում վեց ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել:

Դիտարկելով ադրբեջանական կայքի հրապարակած այս ցանկը՝ կարելի է նաև բավական հստակ պատերկացում կազմել ադրբեջանական բանակի կրած կորուստների աշխարհագրության մասին: Meydan TV-ի ցանկում տեղ գտած զինծառայողներից 17-ի զոհվելու վայր են նշված Մարտակերտի շրջանին հարող Թարթառի և Գերանբոյի (նախկին Շահումյանի) շրջանները: Առնվազն 11 հոգի, ըստ ադրբեջանական կայքի, զոհվել են Ֆիզուլիի ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ: