Թրանսփարենսի ինթերնեշընլ հակակոռուպցիոն կենտրոնը պատրաստվում է դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ուսումնասիրելու «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը, թե գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը օֆշորային ընկերությունների միջոցով «բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում սեփական բիզնեսի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները»:
«Օրենքով հանձնաժողովը կարող է վարույթ հարուցել նաև սեփական նախաձեռնությամբ», -«Ազատության» հետ զրույցում պնդեց կենտրոնի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը։ - «Եթե Էթիկային հանձնաժողովին խանգարող միակ հանգամանքը դիմումի բացակայությունն է, ցանկացած մեկը, կարող է լինի մեր կազմակերպությունը, պատրաստ է այդ դիմումը ներկայացնելու, որպեսզի այդ գործը առանց քննության չմնա»:
«Հետք»-ը գրել էր, որ մի քանի օր առաջ գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում կան նաև հայաստանցիների՝ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։
Միհրան Պողոսյանը, ըստ հետաքննող լրագրողների, Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է, շվեյցարական բանկերից մեկում դրանցից երկուսի հաշվեհամարների կառավարման իրավասու միակ անձը: Այդ ընկերություններն են տնօրինում նաև Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ընկերությունը, որը ԴԱՀԿ ծառայության վարույթի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնահատել էր 25,8 մլրդ դրամ:
ԱԺ - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ «Պանամայի փաստաթղթերում» հայաստանցի պաշտոնյաների ներգրավվածությանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք պատրաստվում են հետաքննել․ - «Այս վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ միգուցե ազգային անվտանգության համար մեկ հարցը դա նաև կոռուպցիայի դեմ պայքարն է»:
Հրապարակմանը ծանոթ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ հարցը քննարկելու լիազորություն ունի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը․ - «Եթե համապատասխան եզրակացություն առկա է հանցագործության հատկանիշների մասին, ապա Էթիկայի հանձնաժողովը դրանք կարող է ուղարկել Գլխավոր դատախազություն, և զուգահեռ հետևանք, որպես այդպիսին, տեղեկացվում է և՛ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը, և՛ վերադաս պաշտոնատար անձը»:
Բաղրամյան 26 հասցեում գործունեություն ծավալող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը ամիսներ առաջ «Ազատության» հետ զրույցում չէր կարողացել տալ գեթ մեկ պաշտոնյայի անուն, ով, ըստ իրենց ուսումնասիրությունների, եկամուտներ էր ստացել՝ չարաշահելով իր դիրքը։
Թրանսփարենսի ինթերնեշընլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն պնդում է, թե հանձնաժողովի գործունեության 4 տարիների ընթացքում գոնե իրենց կողմից դիմումների պակաս չի եղել․ - «Շահերի բախման, կամ ավելի խորքային․․․ օրինակ, հայտարարագրերի հավաստիության հետ կապված, երբ որ խնդրել ենք ուսումնասիրություններ կատարել, որևէ անգամ անհամապատասխանություն հանձնաժողովը չի գտել»:
39-ամյա ՄԻհրան Պողոսյանը բազմիցս է հերքել արդյունավետ բիզնեսմեն լինելու լուրերը։ Նրա ենթակայության տակ գտնվող միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժինն էլ այսօր «Ազատության» հարցմանն ի պատասխան պնդեց, թե օֆշորային գոտիներում ԴԱՀԿ ծառայության ղեկավարի ունեցվածքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ չանդրադառնալով հարցին, թե պատրաստվում է արդյոք Պողոսյանը հրաժարական տալ՝ հետևելով Իսլանդիայի վարչապետի օրինակին, ով օֆշորային սկանդալից հետո ինքնակամ հեռացավ։
Հարկադիր կատարման ծառայությունից, սակայն, հարկ են համարել հայտարարել․ - «Առավել քան անհեթեթ է, որ պետության համար այս կարևոր ժամանակաշրջանում որոշ լրատվամիջոցներ զբաղված են պատվերներ կատարելով»:
Հերիքնազ Տիգրանյանը դժվարացավ ասել, թե վարույթ հարուցելու դեպքում ինչ եզրահանգման կգա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը․ - «Առաջին անգամը չէ, որ ԴԱՀԿ պետի հետ կապված հրապարակումներ են եղել մամուլում, առաջին անգամը չէ, որ նշվում է նրա հայտարարագրերի և իրական ունեցվածքի անհամապատասխանությունը, բայց չեմ կարծում, թե դրանից Միհրան Պողոսյանը իր աշխատանքային և բիզնես բուռն գործունեությունը․․․ վարանել է մի պահ, մտածել է մի պահ այնպես անել, գոհացնել հանրությանը: Սա ակնհայտ տոտալ արհամարհանք է հանրության կարծիքի նկատմամբ»:
Առայժմ միայն Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանն է հայտարարել, թե կուսումնասիրեն ԴԱՀԿ ծառայության պետի անվան հետ կապվող պնդումները օֆշորում ընկերություններ ունենալու վերաբերյալ․ - «Եթե կան հարկային չվճարումներ, դա արդեն խնդիր է: Եթե չկան հարկային չվճարումները, ուրեմն ՊԵԿ-ը գլոբալ առումով խնդիր չունի»: