«Ցանկացած քննարկում և ցանկացած որոշում չի կարող կյանքի կոչվել առանց Արցախի Հանրապետության մասնակցության»,- այսօր Ստեփանակերտում կայացած ասուլիսում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:
«Այս պահի դրությամբ համանախագահների կողմից ձեռնարկվում են տարբեր քայլեր, և ես չունեմ տեղեկություններ, թե ինչ են Բաքվում քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Բայց մի բան կարող եմ հստակ փաստել․ եթե մենք չվերանայենք մեր մոտեցումը ընդհանրապես բանակցային գործընթացի նկատմամբ, մենք ունենալու ենք միշտ թերի լուծումներ»,- հայտարարեց Սահակյանը:
Պատասխանելով տեղացի և օտարերկրացի լրագրողների հարցերին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարը նաև շեշտեց՝ եթե Ադրբեջանը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը չպահպանի, ապա իրենք «ստիպված կլինեն հասցնել հաջորդ անհրաժեշտ հարվածը»․- «Իմ առաջին արձակած հրամանին ավելացրել եմ, որ եթե Ադրբեջանը հերթական անգամ կխախտի այս վերջին ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա այդ դեպքում, ինչպես և ամսի 1-ի լույսի 2-ի գիշերվա զարգացումների ընթացքում, Զինված ուժերը՝ մեր մյուս ստորաբաժանումների հետ միասին, լինեն դրանք կամավորական կամ ոչ կամավորական, հասցնելու են հաջորդ անհրաժեշտ հարվածը»:
Բակո Սահակյանը նաև տեղեկացրեց, որ ղարաբաղյան կողմը ունի այս իրավիճակի հետ կապված մի շարք տեսակետներ, «ինչու չէ՝ նաև պահանջներ», որոնք պատրաստվում են ներկայացնել Բաքվից Լեռնային Ղարաբաղ ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի, ֆրանսիացի համանախագահներին:
«Բնականաբար, մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է նրանց տպավորությունը, և ինչ հարցեր են քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ: Մինսկի խմբում կա ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, որը իրականացնում է դիտորդական առաքելություն շփման գծում, բնականաբար, մենք ունենք առաջարկություններ նաև այդ առումով»,- ասաց Ղարաբաղի նախագահը:
Սահակյանը շեշտեց, որ պատրաստ են զրկանքներ կրել՝ «վերջնական ազատություն ձեռք բերելու համար»․- «Այս երկար տարիները հնարավորություն են տվել համոզվելու, որ մենք պատերազմում ենք ոչ թե պատերազմի համար՝ մենք պատերազմում ենք խաղաղության համար: Այս վերջին ռազմական գործողությունները նույնպես մենք ընկալում ենք այդպես և պատրաստ ենք զոհաբերվելու, պատրաստ ենք զրկանքներ կրելու, հնարավորություն ունենալու վերջնական ազատություն ձեռք բերելու»:
Նույն օրը ավելի ուշ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ Լեռնային Ղարաբաղի նախագահի հանդիպման ժամանակ քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին վերաբերող հարցեր:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանը Ադրբեջանի ուխտադրուժ ագրեսիան համարել է Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում կայունության և խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկը՝ այն որակելով նաև քաղաքակիրթ հանրության համար լուրջ մարտահրավեր:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը կասեցնում և կասեցնելու է «մեր հանրապետության անկախության, ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն»՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից ակնկալում է կոշտ և հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ: