Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունները պատրաստ են աշխատել պաշտպանության բնագավառում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, ոլորտում հիմա առնվազն 15 հազար մասնագետ կա, որոնք կատարում են զարգացած երկրների պատվերներ:

«Մեր ընկերությունների արտահանման հիմնական ներուժը Միացյալ Նահանգներն են՝ 60 տոկոսը: Մոտավորապես 20 տոկոսը՝ Եվրոպայի լավագույն ընկերություններն են: Նրանց մի մասը աշխատում է ռազմաարդյունաբերական խնդիրներ լուծելու վրա, այդ թվում՝ այլ երկրների», - նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով, ՏՏ ոլորտի և պաշտպանության նախարարության համագործակցությունը մինչև օրս էական արդյունքներ չի տվել: Նշեց, որ հայկական տասնյակ ընկերություններ պատրաստ են աշխատել այս ուղղությամբ․ - «Որպես հայ, պատրաստ ենք կոնսոլիդանալ և լուծել նաև մեր խնդիրները, որովհետև դա վերաբերում է մեր պաշտպանությունը, մեր ընտանիքի և երկրի պաշտպանությանը: Հայաստանը խորհրդային տարիներին արտադրել է և նախագծել է Խորհրդային միության ռազմական էլեկտրոնիկայի մեկ երրորդը: Այդ մասնագետները դեռ ողջ են»:

«Ինսթիգեյթ ռոբոտիքս» ընկերության տնօրեն Ռուբեն Օսիպյանը ևս պնդում է, որ հայկական մի շարք ընկերություններ կարող են բարդ սարքեր արտադրել՝ ներառյալ անօրդաչու թռչող սարքեր։ Այդպիսի փորձ, օրինակ, Օսիպյանի ղեկավարած ընկերությունը արդեն ունի․ մրցելով իսրայելական մի ընկերության հետ՝ պատվեր է ստացել Սինգապուրի կառավարությունից՝ մաքսային ծառայության համար անօրդաչու թռչող սարք պատրաստելու համար։ Մի քանի ամիս առաջ փորձարկել ու առաքել են պատվերը:

«Այդ սարքը տեսահսկման համակարգ է: Այսինքն, կենտրոնանալ միայն անօդաչուի վրա, սխալ է: Այդտեղ շատ կարևոր է, թե անօդաչուի ֆիքսած տեսակադրերը որտեղ են մշակվում, որտեղ են պահպանվում», - նշեց Օսիպյանը:

Հայաստանի կառավարության հետ հնարավոր համագործակցության դեպքում, Օսիպյանի խոսքով, կարևոր է, որ պետությունը որպես պատվիրատու պատրաստ լինի ֆինանսավորել հետազոտական ու նախագծման աշխատանքը, որից հետո միայն կարող է ստեղծվել արտադրանք․ - «Մենք պետք է միասին ստեղծենք մտավոր սեփականություն, գիտելիք, որպեսզի այդ հենքի շուրջը հավաքվի այդ ամբողջ ոլորտը: Շատ դեպքերում մեկնարկին ունեցած գիտելիքներդ քեզ թույլ չեն տալիս ասել, թե դու այսինչ ժամանակ հետո ինչ կունենաս: Մենք վստահ ենք, որ մենք կունենանք բարձր որակի, արտադրողականություն և այլն ունեցող արդյունք»:

Անօդաչու սարքերի գները, Օսպյանի խոսքով, շուկայում տատանվում են մի քանի տասնյակ հազար դոլարից մինչև մի քանի հարյուր հազար։ Ոլորտի մասնագետերը, սակայն, պնդում են, որ Հայաստանում արտադրություն կազմակերպելու դեպքում, գինը կարող է շատ ավելի ցածր լինել:

«Նման սարքերը, եթե ուզում ես կիրառել, պետք է երկրում ինչ-որ միջավայր լինի արտադրական, որ դու ինքնուրույն կարողանաս մշակել, կախված չլինես արտասահմանի գործընկերներից, որոնք գուցե քաղաքական կամ ինչ-որ այլ նպատակներով, մի օր որոշեն, որ այլևս քեզ չեն վաճառելու այդ ապրանքը: Մեր ընկերությունները, որոնք IT ձեռնակությունների միության անդամ են, բոլորս պատրաստ ենք»: