«Ռուսաստանը առաջարկներ ունի, կողմերը մոտ են պայմանավորվածության»․ Լավրով

Իլհամ Ալիև, Սերգեյ Լավրով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը առաջարկներ ունի և կողմերը մոտ են պայմանավորվածության, Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք առաջարկներ ունենք, որոնք համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ավելի ակտիվորեն գործարկել՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերման: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ուշադրություն հատկացնել այդ հարցերին»,- երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ չբացելով փակագծերը:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն, ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը լուրջ մարտահրավերի է բախվել, կարևորել է նախ իրավիճակի հանդարտեցումը, ապա հարցը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: «Մենք ակտիվորեն զբաղվելու ենք քաղաքական կարգավորմամբ»,- ասել է նա:

Մոհամադ Զարիֆ, Էլմար Մամեդյարով, Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու է ժամանել նախօրեին՝ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման շրջանակներում: Այսօր այդ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին, շարունակելով ղարաղաբաղյան հակամարտության թեման, Լավրովը տեղեկացրել է, թե կարգավորմանն ուղղված համաձայնության բոլոր բաղադրիչները դրված են սեղանին, թերևս մնում է միայն հստակեցնել ձևակերպումների հարցը:

«Իրականում մենք շատ մոտ ենք դրան՝ համաձայնությանը: Իմ կողմից Բաքվում անցկացվելիք հանդիպումները, ինչպես նաև վաղվա հանդիպումները Հայաստանում նվիրված են մեր կողմից գործադրվող այդ ջանքերին»,- հայտարարել է ռուսաստանցի արտգործնախարարը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հաստատել է, որ ադրբեջանական կողմը լրջորեն աշխատում է Լավրովի անցյալ տարվա առաջարկների վրա:

«Մենք աշխատում ենք անցյալ տարվա կեսերին Սերգեյ Լավրովի ներկայացրած առաջարկների վրա: Որոշները սա համարում են սառեցված հակամարտություն: Սակայն սա հակամարտություն է, որը պահանջում է շուտափույթ կարգավորում, քանի որ այդ հակամարտությունը մարդկային կյանքերի կորստի պատճառ է դառնում: Խաղաղ կարգավորումը կարևոր է, և մենք աջակցում ենք դրան՝ Հայաստանի զինված ուժերը պետք է լքեն մեր տարածքները, իսկ հետո արդեն պետք է քննարկվեն այլ հարցեր՝ դիտարկում, անվտանգություն և այլն»,- ասել է Մամեդյարովը:

Հայաստանի արտգործնախարարությունն այսօր թեև արձագանքել է Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանի վրա» առկա պայմանավորվածություններին, սակայն տարածած հաղորդագրությունում չի հստակեցնում, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը և արդյոք ճի՞շտ է Լավրովը, երբ պնդում է, թե կողմերը մոտ են համաձայնության:

Փոխարենը արտգործնախարարության մամուլի խոսնակ տիգրան Բալայանը հայտարարում է․- «2011 թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»:

Անցյալ տարվանից խոսակցություններ էին շրջանառվում, որոնց համաձայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ռուսական կողմի ներկայացրած կարգավորման նոր սկզբունքների շուրջ: Ադրբեջանի արտգործնախարարը հաստատել էր, որ Լավրովը նոր առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդգրկում են մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես, Սոչիում, Նյուփորթում և Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց հիմքը Մադրիդյան սկզբունքներն էին: