Միջազգային ճգնաժամային խումբ․ Պետք է փնտրվի երկու կողմերի համար ընդունելի տարբերակ

Հայ զինվորները ղարաբաղյան շփման գծում, 6-ը ապրիլի, 2016թ․

Հեղինակավոր հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել ղարաբաղյան ճգնաժամի մասին:

Միջազգային ճգնաժամային խումբը ղարաբաղյան ճգնաժամի մասին զեկույցում նշում է, որ եթե ադրբեջանական կողմը իր պնդումների համաձայն տարածքային ձեռքբերումներ է գրանցել՝ ամրապնդելով իր դիրքերը, Բաքուն կարող է պահանջել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոյի լուրջ փոփոխություններ։ Մյուս կողմից, Հայաստանը ունի ուժեղ դիրքեր՝ դիմակայելու ադրբեջանական ուժերին։

Հրադադարի հաստատման դեպքում անգամ, դրա խախտման հավանականությունը բավական բարձր է լինելու՝ այսուհետ ղարաբաղյան ստատուս քվոն հարցի տակ դնելու և միջազգային ուշադրություն գրավելու նպատակով, ասված է զեկույցում։

Այսօրվա դրությամբ, կողմերը տարբեր վարկածներ են ներկայացնում, մինչդեռ ստույգ տեղեկատվություն ձեռք բերված կամ հետ գրավված դիրքերի մասին չկա։

Ռազմական ճանապարհը չի տանի խնդրի կարգավորման

Մարդկային կորուստներից, գույքի և ռազմական տեխնիկայի ոչնչացումից բացի, ռազմական բախումը կարող է ունենալ շատ ավելի լայն բացասական հետևանքներ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող վերջին օրերի ռազմական մրցավազքը պետք է դիտարկվի այլ համատեքստում։ Մարտերի շարունակման դեպքում հակամարտության ռազմական լուծումը կարող է հնարավոր տարբերակ դիտարկվել, մի բան, որը կարող է սպառնալ տարածաշրջանի կայունությանը։

Այժմ գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի պատերազմական գործողությունների կասեցումը, որոնց շարունակման պարագայում դրանք կարող են ռազմական բախման մեջ ներքաշել տարածաշրջանի գերտերություններին։

Խնդրի լուծումը պետք է փնտրվի երկու կողմերի համար ընդունելի տարբերակի որոնմամբ։

Մինսկի գործընթացը հայտնվել է փակուղու առջև։

Մինսկի գործընթացը չպետք է կասեցվի, այն հարկավոր է շարունակել ավելի լայն՝ միջազգային բարձրաստիճան քաղաքական գործիչների ավելի գործուն միջամտությամբ։

Միջնորդները պետք է օգտվեն պահից

Մինսկի խմբի համանախագահների ջանքերով ընթացող երկարամյա բանակցությունների նպատակը վերջին դեպքերից խուսափելուն էր ուղղված, այդուհանդերձ, իրավիճակի լարումը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ստատուս քվոյի պահպանումը անհնար է դառնում։

Վերջին շրջանում Մինսկի գործընթացը չի ստացել քաղաքական հարթակի անհրաժեշտ միջամտություն։ Գործընթացը կրել է դիվանագիտական և բյուրոկրատական բնույթ, այլ ոչ՝ քաղաքական։

Պատերազմի շղարշի հետևում գործընթացը պետք է ավելի թափանցիկ դառնա

Հանրությանը պետք է մատուցվի ավելի ստույգ և թափանցիկ տեղեկատվություն ռազմի դաշտում տիրող իրավիճակի մասին։

Անհրաժեշտ է նաև ավելի թափանցիկ բանակցային գործընթաց։

Առաջարկություններ Մինսկի խմբի գործընթացին

- Գործընթացում ներգրավել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական բարձրաստիճան գործընկերների։

- Ներգրավել նախագահներ Օլանդին, Օբամային, Պուտինին և Տուսկին՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ զրույցում՝ շեշտելով խնդրի լուծման առաջնահերթությունը։ Հնարավորինս շուտ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում։

- Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լրջորեն ներգրավվել բանակցային գործընթացում այն դեպքում, երբ կողմերը կտեսնեն խնդրի լուծման տարբերակներ։ Միջազգային միջնորդները պետք է ներդնեն այս գործընթացում կշռուն քաղաքական կապիտալ։

- Ընդլայնել անվտանգության վերահսկման մեխանիզմները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից վերահսկվող, կրակի ուղղությունը որսացող սարքերի տեղադրումով, ինչպես նաև շփման գծում ԵԱՀԿ-ի դիտորդների տեղակայումով։

- Եվրամիություն կողմից բանակցային գործընթացի ավելի գործուն մասնակցություն։ Եվրամիությունը այսօրվա դրությամբ չունի պաշտոնական դեր Մինսկի խմբում։

- Մինսկի խումբը պետք է մաս կազմի երկու կողմերի քաղաքացիական հասարակության և մամուլի իրազեկման գործում ՝ քաջալերելով երկկողմ հանրային բանավեճ։