Հեռախոսազրույց Շարմազանովի և Նարիշկինի միջև

Էդուարդ Շարմազանով և Սերգեյ Նարիշկին, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, անթույլատրելի համարել ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փորձերը:

Շարմազանովը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները բացահայտ ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Նա դատապարտել է Թուրքիայի կողմից Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը սատարող հայտարարությունները, ընդգծել, որ այս իրավիճակում առավել քան կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը հանդես գա հասցեական, դատապարտող հայտարարություններով, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ազգային ժողովի փոխխոսնակը նաև հայտնել է, որ չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն:

Նարիշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ` Մինսկի խմբի ձևաչափով: