Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի հանդիպման արդյունքում:
«Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման ուղղությամբ», - այսօր Կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Օհանյանը այլ մանրամասներ չներկայացրեց, միայն հավելեց՝ այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, մարտական կարողությունները թույլ են տալիս ոչ միայն արձագանքել Ադրբեջանի ագրեսիային, այլ «դեռ մի բան էլ ավելին»:
Նախարարը ընդգծեց՝ Ադրբեջանի հարձակումները հնարավոր եղավ չեզոքացնել հայկական բանակի զինվորների, կամավորների շնորհիվ:
«Այդ հերոսությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետությունը, կարելի է ասել, ոչնչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով: Այն տեղեկությունները, որ մի քանի բնակավայրեր իրենց մոտ են գտնվում՝ Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը, գտնվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության խորքում: Մարտավարական առումով մի քանի վայրերում՝ հարավում, կենտրոնում և հյուսիսում՝ ավելի լայնամասշտաբ իրականացված և թեժ կետերում, նախաձեռնությունը և կրակային խոցման հնարավորությունները գտնվում են Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո», - հավելեց Սեյրան Օհանյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքով, անցած քառօրյա ռազմական գործողությունները աննախադեպ էին ոչ միայն զինադադարից հետո ընկած ժամանակահատվածի, այլև՝ ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ՝ կիրառված տեխնիկայի, կրակի խտության, ներգրավված ուժերի առումով:
Կառավարության նիստից հետո լրագրողները փորձեցին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից մանրամասներ ճշտել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ: Վերջինս հավաստիացրեց, որ այն ձեռք է բերվել առանց նախապայմանների՝ չմանրամասնելով, սակայն, պայմանավորվածության շուրջ ստորագրվե՞լ է որևէ փաստաթուղթ, թե՞ ոչ:
1994թ․ զինադադարի համաձայնագիրը ստորագրել է նաև Ղարաբաղը, ինչի մասին երկու օր առաջ՝ ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպմանը, հայտարարեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է բանակցի Ղարաբաղի իշխանությունների հետ: Սարգսյանն, ի դեպ, Հայաստանի կողմից է ստորագրել զինադադարի մասին փաստաթուղթը:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեցինք՝ փաստորեն կրակի դադարեցման շուրջ վերջին՝ մոսկովյան պայմանավորվածությունը ձեռք է բերվել առանց Ղարաբաղի՞:
«Ղարաբաղը բանակցային գործընթացում ներառելու հարցը մեր օրակարգային համար մեկ խնդիրներից մեկն է և այս վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Ղարաբաղի ներգրավումը այլընտրանք չունի թե՛ այն առումով, որպեսզի կանխվեն նմանատիպ ապագա սադրանքները, թե՛ նույն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու տեսակետից», - պատասխանեց փոխարտգործնախարարը։
Քոչարյանի խոսքով, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը գտնվում է Երևանում ու Ստեփանակերտում գերատեսչությունների միջև համաձայնեցման փուլում։