Անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում երկու զինծառայող է զոհվել, «Ազատությանը» տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով՝ միջադեպի հանգամանքները դեռ պարզվում են։
Մինչ այդ՝ Պաշտպանության բանակը հաղորդում է, որ անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։
Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ հակառակորդի կողմից տեղ-տեղ կրակոցներ հնչել են, բայց երկկողմ համաձայնությամբ երեկ կեսօրից կրակի դադարեցման պայմանավորվածությունը, ըստ էության, պահպանվել է։
«Կան առանձնակի խախտումներ հակառակորդի կողմից, բայց Պաշտպանության բանակը դրանց չի պատասխանում: Դրանք հատուկենտ են․ եթե համեմատենք, թե ինչ է տեղի ունեցել ապրիլի 1-5-ը, իհարկե՝ դրանք անհամեմատելի են, բայց առանձին դեպքեր կան, որոնք որևէ ձևով չեն ազդում իրավիճակի վրա», - ասաց ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Պաշտպանության բանակի վերջին տվյալներով՝ քառօրյա թեժ մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցել է 32 զոհ, 121 վիրավոր, 25 զինծառայող անհետ կորած է համարվում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում Պաշտպանության բանակը կորցրել է 14 տանկ, խաղաղ բնակչության շրջանում գույքային վնասները դեռ հաշվարկվում են։
Դավիթ Բաբայանը վստահեցնում է՝ դիրքային կորուստներ հայկական կողմը չունի․ - «Երբ ադրբեջանցիները ասում են՝ այսպես ասված՝ ազատագրված տարածքների ամրապնդում, նրանք ավելի շատ նկատի ունեն այն տարածքները, որտեղից իրենց բնակչությունը լքել և դուրս է եկել, իսկ դրանք բավականին մեծ տարածքներ են՝ Բարդայի շրջան, Թարթառի շրջան։ Ահագին մարդիկ այնտեղից դուրս են եկել և ավելի շատ հենց դա նկատի ունեն, որովհետև ռազմաքաղաքական, տարածքային կամ ինչ-որ այլ առումներով փոփոխություններ տեղի չեն ունեցել»:
Ղարաբաղի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ այսօրվանից մի շարք համայնքներում իրենց աշխատանքն են վերսկսել կրթական հաստատությունները: - «Մի շարք համայնքներում, որոնք ավելի մոտ էին սահմանին, դադարեցվել էին, բայց հիմա նորմալ ռեժիմով բոլորը գնում են դպրոցներ, մանկապարտեզներ, ամեն ինչ աշխատում է, սրճարաններից սկսած՝ մինչև այլ հիմնարկներ», - նշեց Դավիթ Բաբայանը:
Կրակի դադարեցման նախօրեին ադրբեջանական կողմը հրետակոծության էր ենթարկել նաև սահմանամերձ Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր։ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը հանգիստ է եղել։