Երեկ երեկոյան կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը:
Հայաստանի կառավարության փոխանցմամբ, կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին, արձանագրել, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում:
Հեռախոսազրույցի ընթացքում Մեդվեդևը հաստատել է, որ պաշտոնական այցով կժամանի Հայաստան նախկինում համաձայնեցված ժամկետում՝ ապրիլի 7-8-ը:
Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի ողջ համալիրը, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությունը։
Դմիտրի Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող Ղազախստանի առաջարկությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը հաջորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ: