Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության՝ ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմն ունի 29 զոհ և 101 վիրավոր:
Այսօր առավոտյան գանգուղեղային վնասվածքով, անգիտակից վիճակում հոսպիտալ տեղափոխվեց 53-ամյա Վարազդատ Սիմոնյանը: Հոսպիտալի առջև հավաքված հարազատների խոսքով՝ «Երկրապահ կամավորականների միության» անդամ Վարազդատն ընկերների հետ որպես կամավոր էր մեկնում Ղարաբաղ և վիրավորվել է երեկ՝ Ղարաբաղի հյուսիսում, երբ ադրբեջանական անօդաչու թռչող սարքը պայթեցրել էր քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուսը: Ուղևորներից 7-ը զոհվել էին: Սիսիանցի պայմանագրային զինծառայողի հարազատ Հեղինե Հովհաննիսյանի խոսքով, արհեստական շնչառության սարքին միացված տղամարդը հաշմանդամության կարգ ունի:
«Գնացել էին երկրապահի տղաներով Սիսիանից: Սիսիանից են իրենք: Ջոկատով գնացել են», -պատմեց նա՝ շարունակելով․ - «Էլի վիրավորներ կան, մեկին շուտով բերելու են այստեղ»:
Այսօր հարազատները հայտնեցին, որ հոսպիտալ տեղափոխված ավելի քան մեկ տասնյակ վիրավոր զինծառայողներից մեկը՝ հրետակոծության հետևանքով գանգուղեղային վնասվածք ստացած 19-ամյա Հայկ Թորոսյանը, դուրս է եկել կոմայից, բժիշկները վիճակը դեռ ծայրահեղ ծանր են գնահատում:
20-ամյա Ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանի եղբոր պնդմամբ՝ զինծառայողը հոսպիտալ է տեղափոխվել ուսի, թևի ու ոտքի ծանր վիրավորումով, դեռ չի վիրահատվել՝ կոմայի մեջ է:
Հրետակոծության հետևանքով Ղարաբաղում վիրավորված անչափահասներ Վարդան Անդրեասյանի ու Գևորգ Գրիգորյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա: 11-ամյա Վարդան Անդրեասյանը ազդրի ոսկրի բազմաբեկորային վնասվածք էր ստացել, հրետակոծության պահին զոհվել է նրա երկվորյակ եղբայրը: Իսկ անչափահաս Գևորգ Գրիգորյանի փափուկ հյուսվածքներն էին վնասվել: Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանի խոսքով՝ երեխաներն առավելագույնը 10 օրից հիվանդանոցից դուրս կգրվեն:
«Մեկը վիրահատվել է, իսկ մյուսը՝ վիրակապվել: Ամեն ինչ նորմալ է, հսկողության տակ», - նշեց Մարգարյանը:
Օրվա երկրորդ կեսին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է այցելել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Բակում հավաքված լրագրողներն այսօր այդպես էլ տեղեկություն չստացան հոսպիտալի պետից, թե այս պահին քանի վիրավոր է բուժում ստանում: Խոստացված հանդիպումը հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը վերջին պահին չեղյալ հայտարարեց ժամանակի սղության պատճառով: