Նախատեսվում է զենք կրելու իրավունք տալ քաղպաշտպանության որոշ օբյեկտները պահպանող ստորաբաժանումներին

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:

Ազգային ժողովը 98 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փոփոխությունները, որոնք զենք կրելու իրավունք են տալիս կարևոր օբեյկտները պաշտպանող քաղպաշտպանության ստորաբաժանումներին:

Օրենսդրական այս փոփոխությունը պետք է ընդունվի արագացված կարգով ՝ 24 ժամվա ընթացքում:

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի խոսքով՝ հրատապությունը պայմանավորված է վերջին իրադարձություններով․ - «Այսօրվա դրությամբ մեր ծառայողները Հայաստանի Հանրապետության սահմամերձ գոտում գտնվող ջրամբարներում և կապտաժներում հերթապահություն են անում առանց զենքի: Իսկ ոչ մի բան արդեն չի բացառվում, այդ իսկ առումով հրատապ ենք համարում, որպեսզի օրենքը արագ ընդունվի»:

Օրենսդրական այս փաթեթով քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին կթույլատրվի զենք կրել, մասնակցել Հայաստանի պաշտպանությանը, սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, կամուրջների և այլ կարևորագույն օբյեկտների պահպանությանը։

«Սահմանամերձ գոտում կարևորագույն օբյեկտները խաղաղ պայմաններում ավելի քիչ են, քան պատերազմական գործողությունների ժամանակ: Ինչո՞ւ: Եթե հացի արտադրությունները կամ ալյուրի պահեստները խաղաղ պայմաններում կարևորագույն օբյեկտներ չեն, ապա ռազմական գործողությունների ժամանակ անպայման, ենթակառուցվածքների հետ համատեղ, դրանք կդառնան կարևորագույն օբյեկտներ մեզ համար», - օրինակ բերեց Մխիթարյանը:

Ի դեպ, օրենսդրական այս փոփոխությունները խորհրդարան էին բերվել և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել վերջին լարվածությունից շաբաթներ առաջ՝ մարտի սկզբին: Արդյո՞ք դա նշանակում է, որ դեռ այն ժամանակ եղել է մարտական գործողությունների վերսկսման վտանգ․ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ համակարգային փոփոխությունները կառավարությունը վաղուց էր նախաձեռնել՝ անկախ այս իրավիճակից, պարզապես հիմա, օրենսդրական այս փոփոխությունները առավել հրատապ են դարձել․ - «Որևէ նման անհանգստություն այն ժամանակ չի եղել»:

«Ձևավորվում է նոր տարածքային պաշտպանության համակարգ, և քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների պետական մարմնի համապատասխան ուժերը պետք է ապահովված լինեն սպառազինությամբ՝ իրենց առջև դրած խնդիրները լուծելու համար», - պարզաբանեց նա:

Քննարկումներին ընթացքում «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց լուծել նաև սահմանամերձ համայնքների բնակիչներին զինելու, նրանց մոտ եղած զենքը օրինականացնելու հարցը․ - «Իրենք առաջարկ էին ներկայացնում, որ սահմանը պահող, սահմանապահ գյուղերին տրամադրվի որոշակի քանակությամբ զենք՝ բնականաբար օրինական հիմունքներով, որպեսզի նման հնարավոր ֆորս մաժորների դեպքում իրենք կարողանան գոնե սկզբի համար ինքնապաշտպանություն իրականացնել»:

Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց․ - «Հիմա այլ իրողության պայմաններում ենք մենք ապրում: Մինչ այդ, երբ որ այս հարցը քննարկվում էր, ադրբեջանական ագրեսիան այդքան ակնհայտ չէր, նրանց ահաբեկչական գործողություններն այդքան ակնհայտ չէին: Բնականաբար, Ձեր առաջարկը արդիական է»:

Կորյուն Նահապետյանի կարծիքով, Զոհրաբյանի բարձրացրած հարցի լուծումը թերևս առանձին քննարկում է պահանջում․ - «Շատ կարևոր կլինի, որ հատկապես մեր սահմանամերձ առանձին բնակավայրերի հետագա անվտանգության ամրապնդման տեսանկյունից մենք մի խորքային քննարկում ունենանք և անդրադառնանք նաև սահմանապահ համայնքների անվտանգության ամրապանդմանն ուղղված նոր հայեցակարգային մոտեցումներին՝ ելնելով նաև վերջին զարգացումներից: Որովհետև սա մեզանից պահանջում է նաև նոր մոտեցումներ և հստակ նոր որոշումներ, որ մենք պետք է կայացնենք այս ոլորտում»: