Մարտակերտի գնդակոծությունները շարունակվում են

Լեռնային Ղարաբաղ - Հրետակոծության հետևանքով վնասված տուն Մարտակերտում, 3-ը ապրիլի, 2016թ․

Վարչակազմի ղեկավարի վկայությամբ՝ զոհեր կամ վիրավորներ քաղաքի բնակչության շրջանում չկան, հիմնականում նյութական վնաս է հասցված:

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքը քիչ առաջ նորից գնդակոծվեց․ 10-ից ավելի արկեր են ընկել քաղաքի վրա:

Ինչպես «Ազատությանը» հայտնեց Մարտակերտի վարչակազմի ղեկավարը, առնվազն 16 տուն ամբողջությամբ ավերված է: Նրա տվյալներով՝ այս պահին զոհեր կամ վիրավորներ քաղաքի բնակչության շրջանում չկան, հիմնականում նյութական վնաս է հասցված: Խանութները փակ են՝ հիմնականում մեկ-երկու խանութ է աշխատում:

Այսօր ադրբեջանական կողմից արձակված արկը խոցեց էլեկտրական համակարգը, էլեկտրասյուներից մի քանիսը տապալեց, ինչից հետո Մարտակերտի էլեկտրականությունը ամբողջությամբ անջատվեց և մոտ կես ժամ առաջ է վերականգնվել քաղաքի մի հատվածում, մյուս հատվածում դեռ էլեկտրաէներգիա չկա:

Ադրբեջանցիները հարվածել են նաև գազատարին, որը գտնվում է հենց վարչակազմի շենքի դիմաց․ արկը ուղիղ ընկել է գազատարի վրա, ինչից հետո գազ չի մտել Մարտակերտ, վերականգնման աշխատանքներ են տարվել, վերականգնվել է այդ հատվածը, բայց դրանից հետո որոշել են գազը անջատել, որպեսզի խնդիրներ չլինեն, և միայն քաղաքի երկու հատվածներում գազ կա: Վարչակազմի ղեկավարը ասաց, որ միայն հացի փուռն է աշխատում և հիվանդանոցը: Դպրոցները քաղաքում նույնպես փակ են, երեք գյուղեր այս պահի դրությամբ տարհանված են ամբողջությամբ՝ Թալիշը, Մատաղիսը և Տոնաշենը․ այսօր այնտեղ լուրջ մարտեր էին ընթանում: «Ազատության» տեղեկություններով՝ Մատաղիսն այս պահին էլ գնդակոծվում է, այնտեղից մեծ թվով վիրավորների են բերում:

Մարտակերտի հարևանությամբ գտնվող զինվորական հոսպիտալ անընդհատ շտապօգնության մեքենաներով և նաև բեռնատարներով շատ արագ առաջին գծից բերում էին վիրավորների: «Ազատության» տեղեկություններով՝ քաղաքային հիվանդանոցում ևս մեծ թվով վիրավորներ կան:

Մարտակերտի վարչակազմի ղեկավարը ասաց նաև, որ քաղաքում դեռ ընդհանուր տարհանման խնդիր չկա, մարդիկ իրենց մեքենաներով են տեղափոխվել Ստեփանակերտ կամ հարակից գյուղեր, բայց ավտոբուսները պատրաստ են ամեն պահի, եթե կարիք լինի, տեղափոխել բնակիչներին:

Մարտակերտում տեղեկություններ կան, որ ադրբեջանցիներն օգտագործում են պայթուցիկ նետող անօդաչու թռչող սարքեր, որոնց այստեղ «կամիկաձե» են անվանում: Քաղաքում զգուշացնում են, որ մեքենաների կուտակումներ չպետք է լինեն՝ մեքենաները իրարից հեռու են կանգնեցնում: Նաև շենքերի տանիքներում և վերնահարկերում չեն թողնում մարդիկ լինեն՝ բնակիչները հիմնականում առաջին հարկերում և նաև ապաստարաններում են գտնվում ռմբակոծությունների ժամանակ:

«Ազատություն»-ը նաև տեղեկացավ, որ երեկոյան ժամերին արդեն հնարավորություն է լինում գազը մի քանի ժամով միացնել:

Հովհաննես Մովսիսյան, Մարտակերտից