ՌԱԿ. Սփյուռքը զորաշարժ է սկսում

«Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ) գնահատում է որպես ահաբեկչություն, որն իրականացվում է խաղաղ բնակչության դեմ», - ասված է ՌԱԿ-ի հանրապետական վարչության հայտարարությունում:

«ՌԱԿ-ը իր հայաստանյան և սփյուռքյան կառույցների հետ միասին սատարում են Արցախի ղեկավարությանը` ադրբեջանական ագրեսիայի դեմ մղվող պայքարում։ Այս կացության դիմաց Սփյուռքը իր զորաշարժն է սկսում իր բոլոր ուժերով, իր կուսակցական, լոբբիստական, ազգային, եկեղեցական, քարոզչական ներուժով, նաև համաժողովրդական-հրապարակային դրսևորումներով», - հայտարարում է կուսակցությունը՝ շարունակելով. - «Հենց այսօր սփյուռքահայ մեր կառույցները` Ռամկավար ազատական կուսակցության շրջանակները, անհրաժեշտորեն ու հրատապ շարժման մեջ են դնում սփյուռքահայությանը՝ միջազգային կազմակերպությունների, համապատասխան երկրների կառավարությունների և առաջին հերթին թուրքական և ադրբեջանական դեսպանությունների ու ներկայացուցչությունների դիմաց՝ ցույցերով, հանրահավաքներով, բողոքի տարբեր գործողություններով, թուրք-ադրբեջանական քարոզչությունը չեզոքացնելու և հայկական տեսակետները տարածելու համար»​։

ՌԱԿ հանրապետական վարչությունը կոչով դիմում է աշխարհի քաղաքակիրթ պետություններին` «սկսելու Արցախի ճանաչման գործընթացը, ինչը նրանց ներդրումը կլինի նաև տարածաշրջանում խաղաղության պահպանման և Ադրբեջանի հարձակումների զսպման գործում»։

«Հայրենիքի համար ստեղծված այս դժվարին պահին ՌԱԿ-ը սատարում է հայրենի իշխանություններին և պետության գերագույն գլխավոր հրամանատարին ադրբեջանական ագրեսիան զսպելու և ապա այն ոչնչացնելու գործում», - ասված է հայտարարությունում: