Նալբանդյանը ընդունել է Քնեսեթի պատվիրակությանը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը կարևորել է Իսրայելի խորհրդարանական պատվիրակության այցը՝ շեշտելով պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորների անձնական ներդրումը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում։

Պլոսկովը շեշտել է, որ հայ և հրեա ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական հարաբերություններ են ձևավորվել, և պատգամավորական խումբը նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել դրանց առավել ամրապնդման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իսրայել երկկողմ օրակարգի հարցեր, գոհունակությամբ արձանագրել խորհրդարանական ձևաչափում հաստատված ակտիվ գործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանը և միջազգային հանրությունը միակարծիք են՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: